Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում

Լոռամիրգը վիտամիններով հարուստ մեկ ամբողջական համալիր է, որը բնությունն ընծայել է մեզ։ Իր օգտակար հատկությունների շնորհիվ այս հատապտուղը համարվում է «սուպերֆուդ»։ Բանն այն է, որ բոլոր այն նյութերը, որոնցով հարուստ է լոռամիրգը, բավական բալանսավորված են, այդ պատճառով էլ լավ են յուրացվում օրգանիզմի կողմից։ Միևնույն ժամանակ լոռամրգի 100 գրամի էներգետիկ արժեքը կազմում է ընդամենը 30 կկալ։
С վիտամինի մեծ քանակության շնորհիվ այն անվանում են նաև «հյուսիսային կիտրոն» ։ Լոռամիրգը հարուստ է նաև շաքարներով` գլյուկոզայով և ֆրուկտոզայով, պարունակում է մեծ քանակի օրգանական թթուներ՝ բենզոյաթթու, կիտրոնաթթու, խինինաթթու, խնձորաթթու, սաթաթթու և թրթնջաթթու։
Հենց բենզոյաթթվի (բնական կոնսերվանտ) պարունակությամբ է բացատրվում այս մթերքի երկար պահպանման գաղտնիքը։
Վերացնում է մրսածության հետևանքները
«Հյուսիսային կիտրոնը» հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, որն ամրապնդում է իմունիտետն ու բարձրացնում օրգանիզմի պաշտպանական գործառույթները։ Լոռամրգից պատրաստած օշարակը, հյութն ու մորսը հաջողությամբ կիրառում են մրսածությունը բուժելու համար։ Դրանք օժտված են ջերմիջեցնող, հակաբորբոքային և կազդուրիչ հատկությամբ։
Պաշտպանում է ատամները
Լոռամրգի հյութը, ամենից զատ, կարող է կանխել կարիեսը, ակտիվորեն մանրէազերծելով բերանի խոռոչը։
Հայտնի է, որ այս պտղի հյութով մեր նախնիները բուժում էին լնդախտը, տենդը, ինչպես նաև մշակում խոցերն ու վերքերը։
Ամրացնում է արյունատար անոթները, կանխում թրոմբների առաջացումը
Լոռամրգի հատիկները նպաստում են արյան մեջ խոլեստերինի նվազմանն ու անոթների պատերի ամրացմանը։ Բացի այդ՝ դրանք կանխում են մանր ու միջին զարկերակների պատերին աթերոսկլերոզի վահանիկների և թրոմբների առաջացումը։
Կիրառում են ճաշատեսակներ պատրաստելիս
Լոռամիրգը բավական թթու է։ Առավել հաճախ «հյուսիսային կիտրոնը» օգտագործվում է տարբեր ըմպելիքների տեսքով` մորսեր, հյութեր, կիսելներ, լիկյորներ, թուրմեր, ալկոհոլային կոկտեյլներ պատրաստելիս։ Այն ավելացնում են նաև կարկանդակների միջուկի, աղանդերի և զապեկանկայի մեջ։