Փաստաբանների ընդվզումը. ի՞նչ է լինելու հետո

Փաստաբանների ընդվզումը. ի՞նչ է լինելու հետո

Մեկօրյա բողոքի ակցիայի միջոցով փաստաբաններն երեկ ահազանգել են՝ ոտնահարվում են իրենց իրավունքները, ինչպե՞ս կարող պաշտպանել վստահորդներին, երբ իրենք են ծեծի ենթարկվում ոստիկանական բաժանմունքներում։ 

Փետրվարին Էրեբունու ոստիկանական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, որոնք ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալների շահերը։ Մոտ 20 օր առաջ էլ Կենտրոնի բաժնում բռնության է ենթարկվել Կարեն Ալավերդյանը։ Մինչդեռ բռնություն գործած ոստիկանները, ըստ պալատի նախագահի, շարունակում են պաշտոնավարել։

Քաղմասներում փաստաբաններին ծեծելն, անկեղծ լինենք, այս իշխանության «նորամուծություններից» մեկն է, որը, սակայն, առաջացավ միանգամայն «օրինաչափ» պատճառով:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն ամենևին էլ չի եղել դատական անկախ իշխանության ստեղծումը. նա ցանկացել ու ցանկանում է իր իշխանության համար «գրպանային» դատարան ստեղծել:

Այդ ճանապարհին փաստաբանները, ովքեր բավականին ուժեղ և ինստիտուցիոնալ համայնք են, հիմնական խոչընդոտ են ու հենց այս հանգամանքով էլ պայմանավորված դարձել են այս իշխանության «աչքի փուշը»:

Իհարկե, մեկ ակցիան չի կարող սթափեցնել իշխանություններին, բայց սա կարևոր, սթափեցնող ահազանգ է, որը վստահաբար չի վրիպելու նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունից: