ՀՀ և Ադրբեջանի միջև սահման կա, որն Ադրբեջանը խախտել է․ Նիկոլ Փաշինյան
44-օրյա պատերազմից հետո դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին բոլոր կողմերն են խոսում, հանդիպումներ են լինում։ Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ սկզբունքներով է դա արվելու, ի՞նչ իրավապայմանագրային հիմքերով է արվելու։ Այս մասին այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այս հարցին շատ են անդրադառնում, սակայն այն հասկանալի չէ, այդ պատճառով էլ միշտ խոսելու կարիք կա.
«Քարտեզների թեման է գալիս, բայց սահմանազատման, սահմանագծման մասին խոսելիս պետք է հենվենք իրավական որոշումների վրա: Եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա»,- ասաց նա և արձագանքելով այն առաջացած պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա՝ նշեց, որ սա ճիշտ չէ։
«Այդ սահմանը կա և այդ սահմանն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը կոնկրետ ագրեսիա է իրականացրել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում