ՔՊ-ն ինձ չի ընտրի, իրենց համար կարևորը քաղաքական դիրքորոշումն է, ոչ թե պրոֆեսիոնալիզմը. Սարգսյան

Իհարկե չեմ կարծում, որ ՔՊ-ական պատգամավորները ինձ կընտրեն, որովհետև ինչպես իմ եզրափակիչ խոսքում նշեցի՝ նրանց ընդհանրապես հետաքրքիր չէր ընտրվող թեկնածուի գիտելիքները, մասնագիտական կարողությունները: Նրանց ավելի հետաքրքիր էր իրենց քաղաքական դիրքորոշումը. Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանը:
Հիշեցնենք, Անահիտ Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել են ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները: Եվ երեկ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ բավականին թեժ էր՝ ՔՊ-ականները մեղադրում էին թեկնածուին իր հստակ դիրքորոշումն արտահայտելու համար:
«Ես այլ կարծիք ունեմ. եթե դու սիրում ես քո հայրենիքը, դա դեռ չի նշանակում, որ դու որոշակի քաղաքական հայացքներ ունես: Այսինքն, քաղաքական հայացքները քաղաքական որևէ կուսակցության հանդեպ քո վերաբերմունքն է, իսկ հայրենիքի հանդեպ սերը, որին էլ վերաբերում էր գրառումը, որի վրա սևեռվել էին ՔՊ-ականները, չի կարող վկայել իմ քաղաքական հայացքների մասին, այլ կարող է վկայել իմ կարծիքի ազատության իրավունքի իրացման մասին»,- ասաց նա:
Ուստի, եզրափակեց Անահիտ Սարգսյանը, ինքը կարծում է, որ ՔՊ-ն իրեն չի ընտրի:
Նշենք, որ եզրափակիչ ելույթում Անահիտ Սարգսյանն անդրադարձել էր իշխող խմբակցության պատգամավորների ելույթներին` նշելով, որ եթե ինքը չընտրվի, ապա ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում երկու թափուր տեղ է լինելու.
«Մեկ տեղը թափուր է անցյալ տարվանից, մյուս տեղի համար ներկայացվել է իմ թեկնածությունը և եթե ես չընտրվեմ, աօա ՄՊՀ-ում երկու թափուր տեղ է լինելու: Բայց դա ՔՊ-ին չի մտահոգում»,- ասել էր նա:
Անահիտ Սարգսյանը նաև նշել էր, որ ՔՊ-ի պատգամավորների կողմից ելույթները վկայում են իրենց չափազանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին, քանի որ իր՝ թեկնածուի ո՛չ գիտելիքները, ո՛չ մասնագիտական կարողությունները չեն կարևորվել:
Նշենք նաև, որ երեկ քվեարկությունն անցկացնելու ժամանակը սպառվել էր, իսկ օրենսդրությունը թույլ չի տալիս ժամ ավելացնել եւ քվեարկությունն անցկացնել: Հետեւաբար, քվեարկությունը կանցկացվի առաջիկա արտահերթ նիստերից մեկի ընթացքում: