Եվրամիությունը (ԵՄ) կարող է պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը կհարվածի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրազանգվածին։
Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) փաստաթղթին։
Հրատարակության համաձայն՝ Եվրահանձնաժողովը կարող է մինչև 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից մոտ 22,1 միլիարդ եվրո արժողությամբ մի շարք ապրանքների վրա։
Ենթադրվում է, որ հնարավոր մաքսատուրքերը կազդեն 13,5 միլիարդ դոլարի «կարմիր [Հանրապետական] նահանգներից» արտահանման վրա, որոնցից ամենաշատը տուժելու են Լուիզիանան, Միչիգանը, Ֆլորիդան, Կանզասն ու Նեբրասկան։
Սահմանափակումները կվերաբերեն գյուղատնտեսական ապրանքներին և արդյունաբերական ապրանքներին՝ լոբի, միս, ծխախոտ, երկաթ, պողպատ և ալյումին։
Ապրիլի 2-ին Թրամփը ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ է ներմուծել 185 երկրների համար։ Ներմուծվող բոլոր ապրանքների բազային դրույքաչափը կազմել է 10%, իսկ առանձին երկրների համար այն զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 34% Չինաստանի, 46% Վիետնամի և 20% Եվրամիության համար։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես 34 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։