ԱԺ պատվիրակությունը չթռավ, փողե՞րը թռան. աշխատակազմը բանակցում է, որ կորցրած 4 միլիոնը հետ բերի 

ԱԺ պատվիրակությունը չթռավ, փողե՞րը թռան. աշխատակազմը բանակցում է, որ կորցրած 4 միլիոնը հետ բերի 

Շաբաթվա սկզբին պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը՝ Կանադա, որ պետք է տեղի ունենար սեպտեմբերի 25-30-ը, չեղարկվել կամ հետաձգվել է։ ԱԺ լրատվական ծառայությունից ասացին՝ պատճառը Կանադայում ներքաղաքական լարված իրավիճակն է։ 

«Այցը չի չեղարկվել, հետաձգվել է՝ պայմանավորված Կանադայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով։ Կոալիցիոն ուժերից մեկը դուրս է եկել կոալիցիայի կազմից, ու երկրում ճգնաժամ է ստեղծվել։ Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահը զանգել է պարոն Սիմոնյանին ու խնդրել, որ սպասվելիք այցը հիմա տեղի չունենա, և ժամկետները հետաձգվեն, մինչև երկրում այդ ճգնաժամը կհանգուցալուծվի, պարոն Սիմոնյանն էլ համաձայնել է, ու չի լինելու պատվիրակության այցը այս պահին»,- MediaHub-ին ասել էին ԱԺ-ից։ 

Բայց խորհրդարանի աշխատակազմը, պարզվում է, արդեն նախապատրաստական աշխատանքներ է տարած եղել՝ հյուրանոցի ամրագրում, ավիատոմսերի ձեռք բերում և այլն։

MediaHub-ը հետաքրքրվել էր, թե որքան գումար են ծախսել պատվիրակության կազմի համար ավիատոմսեր ձեռք բերելու և հյուրանոցային համարներ ամրագրելու վրա, ինչին ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմից պատասխանել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Օտտավա գործուղման համար ավիատոմսերն ամրագրվել էին սեպտեմբերի 3-ին, բայց վճարում չէր կատարվել։ Ինչ վերաբերում է հյուրանոցին, ապա ԱԺ աշխատակազմից պատասխանել են․ «Հյուրանոցն ամրագրվել է, վճարվել է 4 մլն ՀՀ դրամ։ Այս պահին ընթանում են բանակցություններ գումարն ամբողջությամբ վերադարձնելու կամ սառեցնելու համար՝ հետագա այցի ժամանակ օգտագործելու նպատակով։ Միաժամանակ հայտնում ենք, որ Ազգային ժողովն ավիատոմսերի ձեռքբերումները մշտապես կատարում է վերադարձի պայմանով»։

Փաստորեն, 4 մլն դրամը, առնվազն այս պահի դրությամբ, ջուրը լցվեց, ու հարց է՝ կկարողանա՞ն հետ բերել, թե՞ ոչ, քանի որ հյուրանոցների դեպքում դա շատ բարդ պրոցես է կամ, եթե հնարավոր էլ է, ապա գումարի մի մասը միայն։ 

Վահե Մակարյան