Քերոբյանից պրծանք՝ Պապոյանի ձեռքն ընկանք․ ՔՊ-ական նախարարն ասում է՝ մեզ ցորեն պետք չէ 

Քերոբյանից պրծանք՝ Պապոյանի ձեռքն ընկանք․ ՔՊ-ական նախարարն ասում է՝ մեզ ցորեն պետք չէ 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որի դեմ ՔՊ-ում ստորագարահավաք են սկսել, այսօր կառավարության նիստից հետո բառի բուն իմաստով ծլկեց ետնամուտքից։ Մինչ լրագրողները սպասում էին, որ Մինասյանը կիջնի ներքև ու կպատասխանի մեր հարցերին, թե՝ «էս ի՞նչ հաշիվ ա», մենք նկատեցինք, որ նրա մեքենան արագ հեռացավ կառավարության տարածքից։ Միակ «duxov» նախարարը Գևորգ Պապոյանն էր, որ համարձակվեց լրագրողների մոտով անցնել, ու հենց նրա գլխին էլ կոտրվեց ամբողջ կուժ ու կուլան։ 

Միանգամից սկսեցինք հարցախեղդ անել, թե ինչու են որոշել ազատվել Մինասյանից, արդյո՞ք պատճառն այն է, որ նա նախկին է՝ նախկին ՀՀԿ-ական, որ նաև ժամանակին ծաղրում էր Փաշինայնին, նաև Միքայել Մինասյանի եղբայրն է ու այսպես շարունակ։ Պապոյանը սկսեց պարզունակ «կռուտիտներ» անել, թե «վարչապետն է որոշում՝ ով աշխատի, ով՝ ոչ», ու երբ տեսավ՝ այլևս հարցերի տակից դուրս չի գալիս, հորդորեց իրեն տնտեսությունից հարց տալ։

Ասացինք՝ լավ, մի քիչ էլ տնտեսությունից հարցնենք։ Հարցրինք ու փոշմանեցինք։ Պապոյանն այնպիսի հակապետական մտքեր հայտնեց, որ ավելի լավ էր՝ չհարցնեինք, որ չիմանայինք՝ ինչ է մտածում։ Թեպետ, մյուս կողմից էլ, լավ է հարցնենք ու իմանանք՝ էլ ինչ նոր փորձանք են ուզում բերել այս «խելքի պուտուկները» մեր երկրի գալխին։ Վահան Քերոբյանը քիչ էր՝ հիմա էլ Գևորգ Պապոյանն է որոշել իր «հզոր ուղեղով» տնտեսության մեջ know how-ներ մտցնել ու հայտնագործություններ անել։ 

Ինչպես կասեր Գրիգոր Մինասյանը Փաշինյանի մասին՝ «մարդ, որ իր ամբողջ կյանքում մի ամբողջ համատիրություն չի ղեկավարել, հիմա եկել մի ամբողջ երկրի մայրաքաղաք, իսկ Պապոյանի դեպքում՝ մի ամբողջ երկրի տնտեսություն է ուզում ղեկավարել»։ Իսկ ի՞նչ է ասում Փաշինյանի կառավարության այս հերթական փայլուն ուղեղներից մեկը։ Վահան Քերոբյանի իսկական հետնորդ ու նրան մի բան էլ գերազանցող Գևորգ Պապոյանի կարծիքով՝ Հայաստանը չպետք է իր հողային ռեսուրսները ծախսի ցորենի մշակելու վրա, այլ դրա փոխարեն լավ կլինի՝ ինտենսիվ այգեգործությունը զարգացնի։ Իսկ ցորեն կարող է դրսից էլ ներկրել։ 

Մի պահ ապշեցինք նրա այս մտքերից, հետո հիշեցինք, որ մեր առջև, ամեն դեպքում, դասական նիկոլական պաշտոնյա է կանգնած, ու զարմանալու փոխարեն փորձեցինք ջանք գործադրել ու բացատրել էկոնոմիկայի գուրու այս նախարարին, որ ցորեն մշակելը, եթե նույնսիկ տնտեսապես վնասաբեր է, բայց պարենային անվտանգության առանցքային մաս է կազմում և ռազմավարական առումով շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Ու եթե վաղը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակով փակվի, ինչի վտանգը միշտ կա, ապա որտեղի՞ց ենք մենք ցորեն ներկրելու, ինչպե՞ս ենք ապահովելու երկրի հացահատիկի անհրաժեշտ պաշարը։

«Շատ ապրանքներ կան, որ ռազմավարական նշանակություն ունեն, գազն էլ ունի ռազմավարական նշանակություն, նավթն էլ․․․ Կարծում եմ՝ շատ վատ տնտեսական քաղաքականություն կլինի, և ես շատ կքննադատեմ որևէ տնտեսական քաղաքականություն մշակողի, ով Հայաստանի Հանրապետության սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի արտադրության մեջ»,- ահա այսպիսի պատասխան տվեց ՔՊ-ական նախարարը։

Նորից փորձեցինք նրան բացատրել, որ եթե Լարսը փակվի, ինչպե՞ս ենք կարողանալու ցորեն ներկրել, Պապոյանն ասաց, թե դրա համար կա կառավարություն և կա էկոնոմիկայի նախարարություն, որն իր աշխատանքը սկսում է առավոտյան 7-ին ու ավարտում է երեկոյան 10-11-ին։ Մի խոսքով, հասկանալով, որ ավելի լավ է՝ շրջանցենք այս թեման էլ, որ էլ ավելի հակապետական ու հակատնտեսագիտական մտքեր չլսենք, որոշեցինք անցում կատարել իր քաղաքական առաջնորդի այն լուսանկարին, որտեղ նա Էրդողանի գիրքը պինդ գրկած՝ նկարվել էր հայ ժողովրդի ցեղասպանությունը տենչացող ու այդ գիրքը իրեն նվիրած Էրդողանի հետ։ Երբ հարցրինք, թե ի՞նչն էր Փաշինյանին այդպես ուրախացրել այդ գիրքը գրկելիս, Պապոյանը հարկ չհամարեց այդ հարցին պատասխանել, ու սկսեց կամաց-կամաց նյարդայնանալ մեր հարցերից։ Նրան հիշեցրինք, որ Ռոբերտ Քոչարյանի գիրքը գրկողներին ինչ ասես՝ ասում են, հիմա Քոչարյանի գիրքը գրկե՞լն է ավելի պատվաբեր, թե՞ Էրդողանի գիրքը, Պապոյանն ասաց․

«Իսկ ի՞նչ եք Դուք առաջարկում, որ Հայաստանն իր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի՞։ Ուրեմն, էն, ինչ արվում է ՀՀ կառավարության և վարչապետի կողմից, դա արվում է նրա կողմից, դա արվում է նրա համար, որ Հայաստանում լինի խաղաղություն, որ Հայաստանում լինի տնտեսական բարգավաճում, և Հայաստանի «խաղաղության պաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչվի»։ 

Հետո սկսեց հին երգը երգել՝ նախկինները այսպես, նախկինները այնպես, վերջում էլ բորբոքվեց, ձայնը բարձրացրեց, դեմքը խոժոռեց, հայացքը սրեց, մի քանի խոսք էլ շպրտեց նախկինների հասցեին պարոն Պապոյանը, որը ժամանակին, ինչպես ինքն էր խոստովանել, ֆիկտիվ ՀՀԿ-ական է եղել ու կիսել է իր քննադատած այդ բոլոր արժեքները, և արագ հեռացավ։ 

Վահե Մակարյան