Դավիթ Տոնոյանը շատ ծանր է տանում․ Երվանդ Վարոսյան  

Դավիթ Տոնոյանը շատ ծանր է տանում․ Երվանդ Վարոսյան  

Երկու տարուց ավելի կալանքի տակ պահվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով որևէ նորություն և տեղաշարժ չկա։ Միակ նորությունը, ինչպես Mediahub-ի հետ զրույցում նկատեց Տոնոյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, նորություն չլինելն է։

Ի դեպ, Տոնոյանի փաստաբանական թիմը ութ ամիս է՝ փոխվել է․ նախկին փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հրաժարվել է Տոնոյանից, ասաց՝ մարտավարական տարբերություն կար, և հիմա նոր մարտավարությամբ արդեն նոր փաստաբաններ են այս գործում ներգրավվել՝ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։

«Նորությունն այն է, որ գործը շարունակվում է, Դավիթ Տոնոյանն էլ շարունակում է գտնվել ապօրինի կալանքի մեջ։ Ինչպես ասում են՝ «նորությունն այն է, որ նորություններ չկան»»,- մեզ հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը։ 

-Վերջին դատավարական գործողությունը, որ այս գործով կատարվել է, ո՞րն է եղել։

-Դատական նիստեր տեղի են ունենում, այնպես չէ, որ տեղի չեն ունենում, բայց հերթական մեր փորձերը՝ ապահովել դատական նիստերի դռնբացությունը, ցավոք սրտի, անհաջողության են մատնվել, որովհետև մինչև մեր ներգրավվելն էլ Դավիթ Տոնոյանը առաջին նիստից սկսած՝ փորձում է դա ապահովել, որևէ կերպ չի ստացվել։ Ես էդտեղ էլ եմ միտում տեսնում, որովհետև համոզված եմ, ընդհանուր էդ ամեն ինչը՝ էդ քրեական հետապնդումն էլ, իբրև պետական գաղտնիքով պաշտպանված դատական նիստը փակելն էլ մի միտում ունի՝ առաջին հերթին նման կերպ փորձում են այնպես անել, որ հանրությունն այդպես էլ չիմանա՝ վերջը դա ի՞նչ գործ է, ու ամեն մեկն անի ինչ-որ հետևություններ, թե ինչի հետ կարող է դա կապված լինել։ 

-Հրթիռների գո՞րծը չէ։ 

-Դե, ընդհանուր առմամբ, դրա մասին տեղեկություն կա, բայց ավելի մանրամասն, ցավոք սրտի, ես էլ չեմ կարող խոսել, որովհետև մեզ էլ են նախազգուշացրել՝ պետական գաղտնիք և այլն, և հիմա ստացվում է՝ մեզ համար ակնհայտ է, որ էդտեղ մեղադրանք չկա, այսպես ասած՝ հանցագործության դեպք տեղի չի ունեցել, ուր մնաց՝ ինչ-որ մեկի արարքում հանցակազմ լինի, թե չէ, բայց էդ հանգամանալից և բաց ներկայացնելու հնարավորությունից դեռևս զրկված ենք, չնայած էլի փորձ անում ենք, որպեսզի ապահովվի դատական նիստերի դռնբացությունը։ 

-Այսինքն՝ քրեական գործն ու մեղադրանքը չե՞ն հանրայնացվում ոչ մի կերպ։ 

-Իհարկե։ Անգամ այն, թե ինչում է մեղադրվում Դավիթ Տոնոյանը, գաղտնիք է, ինչ փաստաթղթեր կան գործում՝ գաղտնիք է, ինչ իրեղեն ապացույցներ կան, դրանք ինչ վիճակում են գտնվում՝ գաղտնիք է, ով ինչ եկավ դատարանում հայտնեց՝ գաղտնիք է, ու դռները փակ են։ Հիմա ով ինչ ասես՝ իր համար կարա ենթադրություններ անի, ես կարծում եմ՝ միտումը հենց դրանում է, որ պաշտպանության նախկին նախարարն անազատության մեջ է, ու դուք ոչ մեկդ մի՛ իմացեք՝ ինչի համար։ 

-Իսկ վերջին դատական նիստը ե՞րբ է տեղի ունեցել։ 

-Ուղիղ մեկ շաբաթ առաջ։ 

-Իսկ առողջական և բարոյահոգեբանական ի՞նչ վիճակում է գտնվում Դավիթ Տոնոյանը և ո՞ր քրեակատարողական հիմնարկում է պահվում։ 

-«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է, առողջական վիճակից առանձնակի դժգոհություն չեմ լսել, բայց մյուս առումներով շատ ծանր է տանում, ու շատ ծանր է տանում այն, որ ինքն առաջին հերթին պատկերացնում է, թե ինչի համար է ինքը այսօր կալանավորված, և ինչու են փորձում իրեն քավության նոխազ սարքել, ու պատկերացրեք՝ մյուս կողմից էլ չես կարողանում հանրությանը ցույց տաս, թե «մի հատ իմ մեղադրանքը կարդացեք, էլի, տեսեք՝ վերջը ինձ ինչում են մեղադրում», ու դրա հետևանքով, իհարկե, յուրաքանչյուրս էլ էդ վիճակում լինեինք, շատ ծանր կտանեինք։

-Որ ասում եք՝ «պատկերացնում է, թե ինչի համար է ինքը կալանավորված», ի՞նչ է պատկերացնում ինքը կամ ի՞նչ նկատի ունի։

-Եթե իր վերջին հայտարարություններին ուշադրություն դարձնեք, էնտեղ բաց տեքստով գրած է՝ իհարկե, քաղաքական տարրը միանշանակ առկա է իր հետապնդման հետ կապված։ Ու միանշանակ ես համաձայն եմ Ավետիք Իշխանյանի գնահատականի հետ այս առումով, որ Դավիթ Տոնոյանը միանշանակ քավության նոխազ է։

-Այսինքն՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Դավիթ Տոնոյանը կարծում է, որ ուղիղ քաղաքական հրահանգով է ինքն այսօր կալանավորված, և այդ քաղաքական հրահանգն էլ եկել է ենթադրաբար Նիկոլ Փաշինյանի կողմից։

-Ես կարծում եմ, որ իր հրապարակային խոսքից, այո, կարող եմ այդպիսի հետևություն անել, իսկ ես դա կարող եմ ուղիղ փաստել՝ ինձ համար դա առավել քան ակնհայտ է։ 

Վահե Մակարյան