ՉԼ քառորդ եզրափակիչի 2 խաղերը թեժ անցան. մանրամասներ

ՉԼ քառորդ եզրափակիչի 2 խաղերը թեժ անցան. մանրամասներ

Գիշերը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի 2 հանդիպում։

Երկու հանդիպումներում էլ գրանցվեց ոչ-ոքի հաշիվը, սակայն գնդակը գրեթե գետնին չէր մնում։ 

Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր ՉԼ գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։ Անգլիայի սուպերգավաթակիր «Արսենալը» հյուրընկալել էր Գերմանիայի չեմպիոն մյունխենյան «Բավարիային»։

«Սանտյագո Բեռնաբեուում» հաշիվը 2-րդ րոպեին բացեց Անգլիայի չեմպիոնի հարձակվող Բեռնարդու Սիլվան տուգանային հարվածից՝ օգտվելով «Ռեալի» դարպասապահ Անդրիյ Լունինի սխալ դիրքավորումից։ 12'-ին մադրիդյան ակումբի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ «Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշին ու հայտնվեց դարպասում։ Դարպասի գրավումը գրանցվեց որպես ինքնագոլ։ Արդեն 14-րդ րոպեին Արքայական ակումբի հարձակվող  Ռոդրիգուն հաշիվը դարձրեց 2-1։ 66'-ին «Կապույտների» հարձակվող Ֆիլ Ֆոդեն հեռահար գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 71-րդ րոպեին փոխարինման մտած պաշտպան Յոսկո Գվարդիոլը հեռահար գեղեցիկ հարվածով կրկին առաջ մղեց «Քաղաքայիններին»։ Թեժ պայքարի վերջակետը օդից կատարած հարվածով դրեց «Սերուցքայինների» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն (79')՝ հաշիվը դարձնելով 3-3։

«Էմիրեյթսում» նույնպես պայքարը թեժ անցավ։ Հանդիպման հաշիվը բացեց «Զինագործների» հարձակվող Բուկայո Սական (12') ձախ ոտքի բիլիարդային հարվածով։ 18-րդ րոպեին գերմանական ակումբի հարձակվող, նախկինում «Արսենալի» կազմ չընդունված Սերժ Գնաբրին հավասարեցրեց հաշիվը։ 32'-ին Հարի Քեյնը տասնմեկ մետրանոց հարվածով առաջ մղեց «Կարմիրներին»։ Ի դեպ, Քեյնն «Արսենալի» դեմ 16 խաղում արդեն դարձել է 15 գնդակի և 3 գոլային փոխանցման հեղինակ, սակայն ավելի վաղ Հյուսիսային Լոնդոնի դերբիի շրջանակում (Տոտենհեմ - Արսենալ)։ Խաղի հաշիվն այնուհետև հավասարեցրեց անգլիական ակումբի «ջոկեր» Լեանդրո Տրոսսարը (76')։