Ի՞նչ սպասել Թեհրանից

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3» հանդիպմանը:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպմանը չի մասնակցի Թբիլիսին։
Արդյո՞ք Միրզոյանի երկկողմ հանդիպումների շարքում են նրա հնարավոր բանակցությունները Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ կամ ավելի գլոբալ՝ ունի՞ «3+3»-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակ դառնալու պոտենցիալ:
Այս հարցը հռետորական չէ՝ հատկապես այն համատեքստում, որ հոկտեմբերի վերջին նախատեսված էր Միշել- Փաշինյան- Ալիև գագաթնաժողով Բրյուսելում, որի հետ պաշտոնական Երևանը մեծ հույսեր է կապում:
Այնուամենայնիվ, հատկապես Գրանադայից առաջ ու հետո ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն այլևս մոտիվացված չէ բրյուսելյան հարթակով ու փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել ռեգիոնալ համատեքստում, մանավանդ, որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հարավային Կովկաս ցանկալի չէ նաև Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համար՝ անկախ նրանց հակասություններից:
Այս հանգամանքները հուշում են, որ Թեհրանի այսօրվա հանդիպումն առնվազն թուլացնելու է Բրյուսելի սպասվող բանակցությունների քաղաքական նշանակությունը: Մանավանդ, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս հարցում առանձնապես կարծր չէ կամ կարող է փոխվել՝ ըստ քաղաքական կոնյունկտուրայի: «Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։ Կապ չունի՝ այդ խաղաղությունը ձեռք կբերվի Բրյուսելում, թե Մոսկվայում։ Հարթակը էական չէ»,- անցած շաբաթ ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ «3+3»-ն այս պահին ամենագործունակ հարթակն է, որտեղ կարող են կարգավորվել հայ- ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները:
Վահրամ Բագրատյան