Արցախը հանձնեց, նոր թույլ տվեց գրքերը տրամադրվեն. հիմա պարզ է, թե ինչու «ուշացան» դասագրքերը

Արցախը հանձնեց, նոր թույլ տվեց գրքերը տրամադրվեն. հիմա պարզ է, թե ինչու «ուշացան» դասագրքերը

7-րդ դասարանի համար Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մի քանի օր է, ինչ համացանցում մանկավարժները ֆլեշմոբ են իրականացնում՝ բողոքելով դասագրքի դեմ և հայտարարելով, որ չեն պատրաստվում դրանով դասավանդել: 

Ֆլեշմոբը թափ է հավաքում՝ դրան միացել են նաև ծնողներ: 

Ծնողներից մեկը, օրինակ, գրել է. «Ես, որպես 7-րդ դասարանի աշակերտուհու ծնող, ևս միանում եմ այս ֆլեշմոբին!!! Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաները սովորեն աղավաղված , կեղծ ու ապազգային պատմություն»:

«Գիրքը հեռացնելուն լրիվ կողմ եմ, բայց քանի նիկոլից չենք ազատել մեր պետությունը և պետականությունը, ավելի մեծ աղետների ենք հանդիպելու՝ ոչ միայն մեր պատմությունը, այլ մեզ է որպես ազգ «աղավաղելու», կամ ուղղակի ոչնչացնելու․․․»,– նշում է ֆլեշմոբի մասնակիցներից մյուսը։

Պատմության դասախոս Մարինա Մադոյանը ևս միացել է ֆլեշմոբին և գրել, որ դեմ է, որ մեր կրթօջախներում աշակերտներին աղավաղված հայոց պատմություն սովորեցնեն։

Դասախոսները պահանջում են, որ երեխաներին կրթեն հավաստի աղբյուրների հիմքով դասագրքերով և դաստիարակեն հայրենասեր:

Ֆլեշմոբին սկիզբ է դրել Լիլիթ Շարբաթյանը, հրապարակելով դասագրքից մի էջ, որտեղ Արցախը ամբողջությամբ նշված է որպես թշնամի երկրի մաս…

Նշենք, որ դասագրքերը տրամադրվել են օրեր առաջ, քանի որ ԿԳՄՍՆ–ն հայտարարել էր, որ չի հասցրել տպագրել դասագրքերը մինչ սեպտեմբերի մեկը՝ ուսումնական տարվա մեկնարկը, իսկ օգտատերերն ու դասախոսները համոզված են, որ հատուկ և դիտավորյալ քայլ էր դասագրքերի «ուշացումը»։

«Արցախը հանձնեց, նոր թույլ տվեց, որ գրքերը տրամադրվեն, հիմա բոլորի համար, կարծում եմ, պարզ է, թե ինչու «ուշացան» դասագրքերը։ Լուրջ, հիմա պատմության ուսուցիչները սա՞ են մեր երեխաներին սովորեցնելու։ Նրանք ցանկանում են ջնջել մեր հիշողությունը ու խեղաթյուրել հաղթանակած անցյալն ու սկսում են հենց երեխաներից, որպեսզի ազգային մտածողությունն աղավաղեն ու շարունակեն թելադրել իրենց թուրքական օրակարգը» ,– նշում է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ MediaHub-ը հրապարակել էր պատմաբան Արման Մալոյանի որոշ դիտարկումները դասագրքի վերաբերյալ: Նա, մասնավորապես, ներկայացրել էր այն սխալներն ու վրիպումները, որոնք առկա են այդ, այսպես ասած, դասագրքում:

Մարիա Զարգարյան