«Համերաշխ քաղաքապետարանը»․ ընտրվեցին հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները

«Համերաշխ քաղաքապետարանը»․ ընտրվեցին հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները

Երևանի նորընտիր ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Ավինյանը։ Սա, բնականաբար, կանխատեսելի էր, որովհետև նիստին ներկա 3 ուժերից երկուսը այլ տարբերակ չունեին, քան Ավինյանին ընտրելն էր։

Որքան էլ ավագանու անդրանիկ նիստը բոյկոտել էին «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինի  ուժերը՝ քվորում կար, նիստն էլ բնականոն անցավ։ 

Նիստի երկրորդ հարցը հանձնաժողովների նախագահների, տեղակալների ընտրությունն էր։ 
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնեց, որ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի իրենց թեկնածուն Մարատ Թոխյանն է, որն էլ 35 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընտրվեց հանձնաժողովի նախագահ։

Քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Ալեքսանդր Բադալյանը՝ 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ևս ՔՊ-ին բաժին հասավ. թեկնածու Հայկ Միրզոյանն ընտրվեց 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

«Հանրապետություն» խմբակցությունն էլ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրեց Հայկ Սահակյանի թեկնածությունը։ Սահակյանն ընտրվեց 31 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ 

Հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության ժամանակ «Հանրային ձայնը» խմբակցությունը Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալի պաշտոնում առաջադրեց Վահան Ավագյանին։ 

Արմեն Գալջյանը 10 րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո վերադարձան ու ընտրեցին թեկնածուին։ 37 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ․ այսպիսով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը «Հանրային ձայնինն» է։

Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Արման Բաբաջանյանը․ 37 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Ֆինանսավարկային և տնտեսական մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը ևս ՔՊ-ից է․ 37 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընտվեց Դիանա Քերոբյանը։ 

Ձայների նույն պատկերով էլ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց «Հանրապետություն» խմբակցությունից Գոհար Բալդրյանը։ 

Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 21-ին՝ ժամը 10-ին։

Լիաննա Թորոսյան