Երեխաներիս մեջ չեմ թողնում մեռնի այն հույսը, որ իրենք դեռ վերադառնալու են Արցախ. արցախցի

Ստեփանակերտցի Նարինե Մկրտչյանը հայրենի քաղաքը ընտանիքի հետ սեպտեմբերի 25-ին է լքել։
Երկու տուն են թողել թշնամու տիրապետության տակ։ 28 ժամ ճանապարհ են անցել՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում իրենց հետ, ինչու են լքումը հայրենիքը ու որն է լինելու իրենց հաջորդ քայլը։
«Նույնիսկ այն ժամանակ, երբ թշնամին հրթիռակոծում էր քաղաքը, մենք չէինք մտածում մեր տունը լքելու մասին։ Պատերազմը, երբ սկսվեց, մենք թաքստոցներում էինք, գիտեինք, որ թշնամին էլ արդեն Ստեփանակերտի որոշ հատվածներ է մտել: Մենք մեր տուն գնացինք այն ժամանակ, երբ կրակը դադարել էր, մեր տունն էլ վնասվել էր, երեխաներիս սենյակի վրա էր արկ ընկել։ Մենք թաքստոսից թաքստոց էինք գնում, ադրբեջանցին քաղաքում էր ու մեզ ասում էին՝ մենք մեր տներն ենք վերադառնալու, երբ իրենք դուրս գան... իրականում ես ու ամուսինս մեր տուն այցելում էինք, բայց երեխաներին չէինք տանում։ 9 տարեկան երեխաս ասում էր՝ արի մնանք մեր քաղաքում, թեկուզ նկուղում, բայց այլ տեղ չգնանք։ Արցախը լքելը մեր վերջին տարբերակն էր, նույնիսկ այդ օրը գնացել ենք ու հացի հերթ կանգնել, որ ապրենք այն կյանքով, որին արդեն հարմարվել էինք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Նարինեն։
Ստեփանակերտցին հիշում է, որ զավակը նույնիսկ խնդրել է ամեն գնով Արցախում մնալ, ասել է՝ ավելի լավ է շրջափակման մեջ մնանք, քաղցրավենիք չունենանք, բայց հարազատ բակում մնան։
«Մենք հիմա Չարենցավանում վարձով ենք ապրում, հեշտ չի կորցնել ամեն ինչ ու գալ հարմարվել։ Մեզ իրականում շատ օգնեցին, մեր հայրենակիցները շատ պատրաստակամ էին ու շատ կարևոր է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն էլ տան 4 ամսվա վարձը վճարել է։ Հարմարվում ենք, բայց երեխաների հարցերը շատ են տանջում, փոքր աղջիկս ասում է՝ մամ, պատերազմ ա, դրա համար չե՞նք գնում»։
Տիկինը նշում է, որ իրենց համար այս պահին առաջնայինը աշխատանք գտնելն է, որովհետև Արցախում աշխատել են, ստեղծել, արարել ու հիմա փաստացի ոչինչ չունեն։
«Ես երեխաներիս մեջ չեմ թողնում մեռնի այն հույսը, որ իրենք դեռ վերադառնալու են Արցախ. իրենց պայքարելու հերթն էլ է գալու»,- հավելեց Նարինե Մկրտչյանը։
Լիաննա Թորոսյան