Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Այս օրերին քննարկման հիմնական թեման, սակայն, ոչ թե այն է, թե ով կհաղթի դիմակայությունում, այլ այն, թե ով և ինչպես կկարողանա հանդիպման տոմս ձեռք բերել, գրել է «Հետքը»։
Տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։
Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն այնտեղ նույնպես նրանց հիասթափություն էր սպասվում. տոմսարկղի աշխատակիցը տեղեկացրեց, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։
Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։
ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Մենք գրավոր հարցում ուղարկեցինք ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։
«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։
Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,- մեր գրավոր հարցմանը ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։
Մենք զանգահարեցինք մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվեց, որ ոչ։ Նույն հարցով դիմեցինք նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական էր։
ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից հաշված ժամեր անց դրանք հայտնվեցին սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում էր 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։
Օրինակ՝ Արևմտյան տրիբունայի Սեկցիա 1 Սեկտոր 4-ում բոլոր տեղերը նախապես ամրագրված են եղել ՀՖՖ-ի կողմից։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ նույն հատվածի տոմսերը վաճառվում էին viagogo.com կայքում։ Եթե ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի տոմսերի արժեքը 14-20 հազար դրամ էր, ապա վերը նշված կայքում՝ 624000 դրամ։ Առկա էր երկու տեղ՝ կողք կողքի։ Նույն պատկերն էր նաև Արևելյան տրիբունայի Սեկցիա 2 Սեկտոր 6-ում։ ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի մեկ տոմսի արժեքը 14000 դրամ էր, viagogo.com կայքում՝ 375000։
Ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով։ Այս հարցն ուղղել ենք Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Սակայն Ֆեդերացիայից այս հարցին այդպես էլ չեն պատասխանել։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ միայն այս օրերին, այլ նաև միշտ պայքարում է սև շուկայում տոմսերի վերավաճառքի դեմ՝ իր միջոցներով և հնարավորությունների սահմանում։ Այս ընթացքում ՀՖՖ-ի կողմից արգելափակվել են հարյուրավոր օտարեկրյա անձնագրերով, բայց նույն IP-ով օգտատերերի, որոնք փորձել են մուտք գործել tickets.ffa.am: 1 երկրպագուն Պորտուգալիայի դեմ խաղին հնարավորություն է ունցել գնելու 2 տոմս։ Սա արվել է այն պատճառով, որ մեկ անձը չկարողանա գնել մի քանի տոմս և զբաղվի վերավաճառքով»,- հայտնել են ՀՖՖ-ից։
Տոմսերի վերավաճառքի թեման այնքան լայն հնչողություն ստացավ, որ դրան անդրադարձավ նաև ոստկանությունը։ Սեպտեմբերի 1-ին տարածած հայտարարության մեջ ասվում էր.
«Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր: Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր խարդախության զոհ չդառնալու համար նշենք, որ ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»։
Բայց մինչ ոստիկանությունը զգուշացնում է չգնել տոմսեր վերավաճառողներից, դրանց վաճառքը անխափան ընթանում է։