«Հրապարակ» թերթը գրում է.
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթի տապալումից հետո հիվանդանոցի աշխատակազմում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Առանց այն էլ Նարեկ Զեյնալյանի՝ տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո մի քանի ամիս է՝ հիվանդանոցում անտերության վիճակ է:
Զեյնալյանը չի թաքցրել, որ դեռ օդից կախված վիճակում է․ երբ լինի նշանակումը, այն ժամանակ էլ ընթացք կտա ԲԿ-ի խնդիրների լուծմանը՝ սարքավորումների, բժշկական ապարատների ձեռքբերում եւ այլն։
Փաստորեն, նա ի սկզբանե վստահ չի եղել, որ կնշանակվի, եւ կանխատեսել է, որ իրեն քցելու են, ուստի գնումների գործընթացին մոտ չի գնացել։ Մեզ ասացին նաեւ, որ իրականում հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանին ցածր է գնահատել բանավոր փուլում (մոտ 88,9 միավոր, անցողիկը 90-ն է)` ելնելով ոչ թե նրա պատասխաններից, այլ արտաքին տեսքից։
Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանը քննության է գնացել ազատ ոճի հագուստով՝ ջինսով, վերնաշապիկի վերեւի կոճակները բաց, իսկ իր մրցակից Նարեկ Վանեսյանը եղել է կոստյում-շալվարով։
«Իրավունք» թերթը գրում է.
«Որպես Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նորանշանակ նախարար` Արսեն Թորոսյանի առաջին շփումը լրագրողների հետ չստացվեց: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած նրա ճեպազրույցն ավարտվեց սպառնալիքով: Վերջինս, բորբոքված հարցերի տարափից, նախ մուննաթ եկավ. «Ունա՞կ եք լսելու, թե՞ չէ, երբ հարց եք տալիս, թույլ տվեք մինչեւ վերջ պատասխանեմ, թե չէ, չեմ անի ընդհանրապես»:
Իսկ երբ լրագրողները հորդորեցին չսպառնալ, հակադարձեց. «Կսպառնամ… դուք էլ էդ տոնով չխոսեք։ Շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց եւ հեռացավ։
Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ տեղի ունեցած միջադեպը մեծ հրճվանքով են ընդունել թե՛ խորհրդարանական նախկին գործընկերները, թե՛ նախարարության նոր գործընկերները, բոլորը միաբերան պնդում են. «Երկար չի ձգի այս պաշտոնում եւս»:
«Հրապարակ» թերթը գրում է.
Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից եւ տեղափոխվեց ՀԷՑ` զբաղեցնելով ժամանակավոր կառավարչի պաշտոնը: Սկսվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու եւ հին կադրերից «ազատագրելու» գործընթացը: Այս ամիսներին շատ հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավար կազմին ազատում աշխատանքից` փոխարինելով ՔՊ-ական անփորձ կադրերով:
Սակայն ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ պետական կարեւոր կառույցը` Վերահսկողական ծառայությունը քանդելու առաջ: Մենք տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի:
ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:
Հարցին` երբվանի՞ց են այս հաստիքները մնացել թափուր, Ռոմանոս Պետրոսյա՞նն է իր հետ տարել այս կադրերին, ՊՎԾ-ից ասացին, որ չեն կարող մեր հարցին պատասխանել` «եթե կայքում նշված է, որ տեղերը թափուր են, ուրեմն դրանք իսկապես թափուր են»: