Մինչ Նիկոլ Փաշինյանը շատ զբացված է՝ շարունակելով գրառումներ, հրապարակումներ անել, թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հայ քրիստոնյա ժողովրդի հանդեպ, ադրբեջանցիներն «առիթը բաց չեն թողնում» և շարունակում են իրենց գործելաոճը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն անխնա տարածում են Փաշինյանի գրառումները՝ հրճվելով երկրում զարգացող ու բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքական–եկեղեցական «պատերազմով»։
Իսկ ի՞նչ է կատարվում ՀՀ սահմանին, արդյո՞ք Փաշինյանն, այդքան զբաղված լինելով, հասցնում է հետևել զարգացումներին կամ առհասարակ՝ իրեն հետաքրքի՞ր է: Եթե չի հետևել, ապա MediaHub–ը կարող է տեղեկացնել, որ ադրբեջանական ԶՈՒ–ն ամբողջ գիշեր շարունակել է կրակել Սյունիքի ուղղությամբ՝ նշանառության տակ պահելով բնակելի տները։
«Ամբողջ գիշեր կրակել են, ժամերը կրկին փոխել են ադրբեջանցիները, եթե այն ժամանակ կրակում էին 22:00-ից հետո, այժմ արդեն 23:00–ից սկսած։ Այս գիշեր էլ, նախորդ գիշեր էլ, և արդեն երկու ամիս է կրակում են գիշերները։ Այսօր ամբողջ գիշեր են կրակել՝ ժամը 23:00–ից սկսած.... վախենալու է, բա ինչ է»,– MediaHub–ի հետ զրույցում ասում է Խոզնավարի բնակիչը։
Ըստ նրա՝ նախ ժամը 23:00–ին կրակել են գյուղի վերևը, իսկ հետո կրակել են գյուղի ներքևի ուղղությամբ։
«Նիկոլը զբաղված ա, ստատուսներ է գրում, թիրախավորում է եկեղեցուն, բա՞ մենք, մեր գյուղերին ինչո՞ւ ուշադրություն չի դարձնում: Ամեն օր կրակում են, մի ստատուս գոնե գրի, հարց լուծի, չգիտեմ՝ ինչերով է զբաղված, այդքան ժամանակ ունես, հասկացի՝ ո՞նց անես, որ էլ չկրակեն ադրբեջանցիները, թե՞ խաղաղության մասին մոռացել ես»,– վրդովվում է խոզնավարցին։
Հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տների գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, սակայն, փոխարենը ադրբեջանական կողմն ամեն օր կրակում է և անխնա տարածում Փաշինյանի խայտառակ գրառումները։
Մարիաննա Արամյան