Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վերահաստատել է Սիրիայում խաղաղությանն ու կայունությանը Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը եւ դեմ արտահայտվել իր երկրի գործերին արտաքին ցանկացած միջամտությանը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
Նախագահ Ռաիսին շաբաթ երեկոյան իր սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է Սիրիայի ժողովրդին եւ կառավարությանը Քուրբան Բայրամ տոնի առթիվ։
Վերահաստատելով Իրանի շարունակական աջակցությունը դիմադրության առանցքին, հատկապես Սիրիային, Ռաիսին ասել է, որ Իրանը կողմ է խաղաղության ու կայունության հաստատմանը եւ դեմ է Սիրիայում օտարերկրյա ցանկացած միջամտության:
Նա նաեւ ընդգծել է համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք ստորագրվել են Սիրիայի նախագահի Թեհրան կատարած վերջին այցի ժամանակ։
Իր հերթին Սիրիայի նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին եւ կառավարությանը Քուրբան Բայրամի կապակցությամբ՝ շնորհավորանքներ փոխանցելով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին: Նա հավելել է, որ Սիրիայի եւ Իրանի թշնամիներն ամեն օր ավելի են թուլանում դիմադրության առանցքի դիմաց:
Սիրիայի նախագահը նաեւ նշել է, որ Սիրիան եւ Իրանը նույն ճակատում են՝ հույս հայտնելով, որ երկու երկրներն ավելի մեծ հաջողությունների կհասնեն ներքին եւ արտաքին ասպարեզում։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահը մայիսի 8-ին այցելել է Իրան եւ հանդիպումներ ունեցել այաթոլլահ Խամենեիի ու նախագահ Ռաիսիի հետ։ Այս այցը, Սիրիայում 2011 թվականին պատերազմի սկսվելուց ի վեր, նրա երկրորդ այցն էր Իրան: