Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ջոնսոնին մեղադրում են իրավահաջորդի ընտրությանը խոչընդոտելու համար

Blog Image

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամները Բորիս Ջոնսոնին մեղադրել են ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի՝ իրեն վարչապետի պաշտոնում փոխարինելու փորձերին խոչընդոտելու համար, գրել է The Guardian-ը՝ նշելով, որ ղեկավարության մրցավազքը վերածվում է դառը կռվի:

Ըստ լրատվականի՝ անցած գիշեր, երբ նախարարների եռյակը մտել է վարչապետության եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի համար պայքարի մեջ, ավագ պատգամավորներն ասել են, որ վերոնշյալ պայքարը ավելի մեծ վնաս է հասցրել կուսակցությանը, քան ավելի քան երեք տասնամյակ առաջ Մարգարետ Թետչերի տապալումը:

Կուսակցական մի պաշտոնյա Ջոնսոնին մեղադրել է անպիտան պատգամավորներին միջին եւ կրտսեր պաշտոններում նշանակելու համար՝ ասելով, որ Ջոնսոնը հեռանում է «իր իրավահաջորդի համար որքան հնարավոր է շատ անախորժություններ ստեղծելու նպատակով», ով, պաշտոնը ստանձնելուց հետո, անխուսափելիորեն պետք է աշխատանքից ազատի նրանցից շատերին:

«Այս նշանակումներն ամենավատն էին, որ ես տեսել եմ քաղաքականության մեջ: Ակնհայտ է, որ դա արվել է նրա իրավահաջորդի պաշտոնավարման առաջին շաբաթները խաթարելու նպատակով», - ասել է բարձրաստիճան աղբյուրը:

Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ սա այն վարչակազմը չէ, որը պատրաստվում է հանգիստ հեռանալ։ Շատ զայրույթ կա եւ կնհայտ է, որ այս զայրույթի մեծ մասն այժմ ուղղված կլինի Ռիշիներին: Նա շեշտել է, որ այս ամենը շատ նման է Թրամփին:

«Ակնհայտ է, որ վարչապետը դեռ խորապես վիրավորված է կանցլերի հրաժարականից։ Ռիշիի ճամբարն առաջիկա օրերին ստիպված է լինելու մեծ զայրույթի դիմանալ։ Սա վերաբերելու է նաեւ նրան, ով կզբաղեցնի այս պաշտոնը»,- հավելել է աղբյուրը։

Միեւնույն ժամանակ, Ջոնսոնի դաշնակիցները նախազգուշացրել էին կուսակցությանը, որ շուտով կզղջան իրեն լքելու համար եւ մեղադրել թեկնածուներին, որոնք առաջադրվել են նրա փոխարեն:

Իրավահաջորդության շուրջ իրարանցման ֆոնին եւս մեկ մեղադրանք է հրապարակվել այն մասին, որ Ջոնսոնը լոբբինգ է իրականացրել մի երիտասարդ կնոջ պաշտոնի նշանակելու համար, որը պնդում է, թե իրենց միջեւ սեռական հարաբերություններ են եղել:

Այս խոսակցությունները տարածվել են անցյալ ամիս տարածված տեղեկության ֆոնին այն մասին, որ Բորիս Ջոնսոնը փորձում է իր կնոջը նշանակել իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, երբ ղեկավարում էր Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:

Send