Բագրատ Սրբազանի շարժումն ավարտվե՞ց․ ի՞նչ սպասել հունիսի 17-ից հետո

Բագրատ Սրբազանի շարժումն ավարտվե՞ց․ ի՞նչ սպասել հունիսի 17-ից հետո

«Ժողովուրդ ջան, կարող էի հայտարարել՝ ինչ արել ենք միասին, հրաշալի է, մի քանի հատ էլ բարձր ձևակերպումներ տալ ու ասել՝ «թողեք, ես գնամ»։ Բայց չէ՛, այդ պատասխանատվությունը վերցրել ենք ու մինչև վերջ էլ պետք է տանենք։ Հունիսի 17-ին, 18:30-ից սկսած, կհավաքվենք այստեղ։ Այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը»։ 

Արդյոք սա նշանակում է, որ Սրբազան շարժումը ավարտվել է, թե՞ ամենը դեռ առջևում է․ այս թեմայի շուրջ  MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

«Եթե մինչ այս պահը գնահատենք, կարող ենք արձանագրել՝ այս իշխանությունը բացահայտ կերպով չունի հանրության քիչ թե շատ զգալի հատվածի աջակցությունը, հանրության ակտիվ շերտն այս իշխանության դեմ են»,– ասաց Դանիելյանը։

Իշխանությունը հետագայում տարածքներ հանձնելու, զիջումներ կատարելու առումով խնդիրներ ունի և, ըստ Դանիելյանի, դա ցույց տվեց շարժումը։ Երկրորդն էլ այն է, որ շարժումը ցույց տվեց, որ եթե գնան «խաղաղության պայմանագրի», ապա այն ներառելու է որևէ այլ կողմի Սյունիքի միջանցքի վերահսկողությունը հանձնելը։

«Այս կառավարությունն ունի լեգիտիմության խնդիր, այդ առումով կարևոր էր և գոնե մինչ այս պահը այս շարժման դրական արդյունքն էր»,– ասաց Դանիելյանը։

Հունիսի 17-ին ընդդիմադիր պատգամավորները ԱԺ արտահերթ նիստ են գումարելու, որից հետո՝ երեկոյան, կլինի հավաք: Արդյո՞ք պատգամավորները պատրաստ են իրենց մանդատները վայր դնել և եթե այո, ապա ի՞նչ հետևանքներ դա կունենա:

Ըստ քաղաքագետի՝ եթե մանդատները վայր դնեն, ապա այս կառավարությունը որևէ պայմանագիր չի կարողանա կնքել, որը հետագայում հաջորդ իշխանությունը կարող է վիճարկել, որ այս իշխանությունը Սահմանադրության համապատասխան չի գործել, այսինքն՝ կառավարությունը դառնում է նման միջազգային հարաբերությունների համար անգործունակ կառավարություն։

«Ես չեմ կարծում, որ ՔՊ պատգամավորներն ինչ–որ բան կքվեարկեն, դրանց մեծ մասը պատանդներ են, իսկ մուս մասը «կարմիր գծերն» անցել են և հետդարձի ճանապարհ չունեն»,– եզրափակեց Դանիելյանը:

Հիշեցնենք, «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացությունները միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Ապա ԱԺ–ից տեղեկացրել էին, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Սակայն ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը հերքել էր և նշել․ «Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, իրավունքի ուժով գումարվելու է ԱԺ արտահերթ նիստը»։

Մարիաննա Արամյան