Հիմա էլ օգոստոս. Սնուպ Դոգի համերգը վերջը տեղի կունենա՞

Հիմա էլ օգոստոս. Սնուպ Դոգի համերգը վերջը տեղի կունենա՞

Անցյալ տարի սեպտեմբերի 23-ին պետք է տեղի ունենար ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը, սակայն, Արցախում ողբերգական իրադարձություններով պայմանավորված  այն հետաձգվեց։ 

Այս ընթացքում իշխանությունները, որոնք մի քանի մլն դոլար էին վճարել ռեփերին, ենթարկվեցին կոշտ քննադատության։ ԿԳՄՍ նախարարը մի քանի անգամ նշել է տարբեր ժամկետներ, թե երբ է համերգը կայանալու. այդպես,  ամիսներ առաջ հայտարարվեց, թե համերգը տեղի կունենա հունիսին, սակայն հունիսի կեսն է և հասկանալի է, որ ժամկետները դարձյալ խախտվել են։ համերգի մասի ոչինչ չէին Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նոր ժամկետ հնչեցրեց. 

«Այս տարվա ընթացքում սպասում ենք կազմակերպության կողմից առաջարկների։ Ժամկետի հետ կապված 3 առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը համերգը կազմակերպելու համար։ Նախնական ունենք տպավորություն, որ դա կարող է օգոստոսին լինել և սպասում ենք գրավոր առաջարկի, որպեսզի կարողանանք հայտարարել»,- ասել էր ԿԳՄՍ նախարարը։ 

Հասկանալու համար արդյո՞ք համերգն ի վերջո տեղի կունենա, MediaHub-ը կապ հաստատեց կազմակերպիչ՝ Doping space ընկերության հետ, որտեղից հավաստիացրեցին, որ այս ամառ համերգը տեղի կունենա, սակայն հստակ ամսաթիվ իրենք էլ չեն կարող նշել։

«Սնուպ Դոգի համերգը միանշանակ տեղի ունենալու է, ամսաթվի հետ կապված շուտով կհայտարարենք։ Այո՛, հունիսին չի կայանալու, այս պահին հստակ չեմ կարող ասել` երբ, բայց ամռանը կայանալու է»,– հավաստիացրեցին կազմակերպությունից։

Մարիաննա Արամյան