ՄԻՊ դառնալու համար մասնագիտական որակներ պետք չի․ Էդգար Ղազարյան

ՄԻՊ դառնալու համար մասնագիտական որակներ պետք չի․ Էդգար Ղազարյան

«Միասին» այլընտրանքային հասարակական- քաղաքական շարժման առաջարկությամբ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ թեկնածու են առաջադրել Էդգար Ղազարյանին։

MediaHub-ը զրուցել է Ղազարյանի հետ՝ իր հնարավոր ընտրվելու, ընդդիմության հետ ավելի վաղ ունեցած տարաձայնությունների, նրա վարչապետ դառնալու շուրջ։

-Պարոն Ղազարյան, քանի որ լրագրության զինանոցի բոլոր հարցերը արդեն տրվել են, ինձ մնում է հետաքրքրվել՝ Ձեր ո՞ր արժանիքի համար պիտի ընտրվեք Մարդու իրավունքների պաշտպան։

-Դժվար է, որ մարդն ինքն իր արժանիքներից խոսի. կարծում եմ՝ այդ մասին մտածել են այն մարդիկ, ովքեր առաջադրել են ՄԻՊ թեկնածու։ 

-Դուք էլ եք ինքնառաջադրվել։

-Ես չեմ ինքնառաջադրվել, ինձ "Միասին" այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն է առաջադրել, ես տվել եմ այդ առաքելությունը իրականացնելու իմ համաձայնությունը։

-Մարդիկ ասում են՝ Էդգար Ղազարյանն անլուրջ է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ուզում էիք դառնալ վարչապետ եւ ոչ վաղ անցյալում օր ու ժամ էիք հայտարարում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, բայց սուտ դուրս եկավ։ 

-Բա ո՞վ տուժեց դրանից։ Ես ասում էի, որ Փաշինյանը կարող է հրաժարական տալ, դրա համար պետք է հանրային կոնսոլիդացիա, մարդիկ գան, իրենց կամքը արտահայտեն Հանրապետության հրապարակում եւ պահանջեն Փաշինյանի հրաժարականը։ Ինձ քննադատողներից ո՞ր մեկն էր օգոստոսի 23-ին եկել հանրահավաք։ 

-Ընդդիմություն ընտրած քաղաքացիները բոյկոտում են ու պահանջում պարզաբանում, թե ով է իրենց թույլ տվել ՄԻՊ թեկնածու առաջադրել Ձեզ։ 

-Ո՞վ է նման բան ասում։

-Ֆեյսբուքը, որ բացեք՝ կտեսնեք։

-Հա, կարող է մի քանի մարդ էլ ըտենց ասի, հետո՞։ Օրինակ այդ մարդիկ մինչեւ հիմա խորհրդարանական խմբակցություններին հարց տալի՞ս էին՝ երկու ամիս է մենք որպես քաղաքացի զրկված ենք մեր իրավունքների պաշտպանության սահմանադրական մեխանիզմներից։ 

-Ձեր ուժերը ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ եք լավ մարդու իրավունքների պաշտպան լինել։ 

-Ես կարծում եմ, որ իմ ստացած կրթությունն ու բազմաոլորտ փորձառությունը շատ նպաստավոր միջավայր է ստեղծում ինձ համար այդ պարտականությունները կատարելու հարցում։ 

-Վստահաբար ասում եք, որ ՔՊ-ն թեկնածու չի առաջադրելու, բայց հանրությունը գիտի նաեւ, որ դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է առաջադրվելու՝ ՔՊ-ից։

-Թագուհի Թովմասյանն ասել է, որ ոչ մեկ չի առաջադրվել։

-Բայց կարող է վերջին րոպեին առաջադրվի։

-Այդ թեկնածուն, ես կարծում եմ, որ չի համաձայնվի, իսկ եթե առաջադրվի, ապա այդ հանգամանքը կլինի վիճարկելի, որովհետեւ իր թեկնածությունը ՄԻՊ-ի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներին չի համապատասխանում։ 

-Ինձ հետաքրքիր է, Մանասյանին Ձեզ մրցակից համարու՞մ եք։

-Ի՞նչ է նշանակում մրցակից։ 

-Ձեր եւ Մանասյանի մասնագիտական որակները համադրելով, ըստ Ձեզ, ո՞վ կընտրվի։

-Մասնագիտական որակներ պետք չի քննարկել, որովհետեւ Մարդու իրավունքների պաշտպանի համար մասնագիտական պահանջ չկա, պահանջը՝ բարձրագույն կրթությունն է։ Հիմա ինքը իրավագիտության ոլորտում է գիտությունների թեկնածու, դոցենտ, ես՝ տնտեսագիտության։

-Ընդդիմությանը ժամանակին քննադատում էիք, այսօր ընդդիմությունն ընդառաջել է եւ Ձեզ է առաջադրել։ Ասելու բան չունե՞ք, օրինակ՝ զղջու՞մ եք, որ ընդդիմությանը վատ բաներ եք ասել։

-Ես ընդդիմությանը վատ բան չեմ ասել, իմ քննադատությունը եղել է կառուցողական։ Ես քննադատել եմ, որ թեկնածու չեն առաջադրում այնտեղ, որտեղ կարող են։ Իմ քննադատությունը եղել է կառուցողական դիրքերից եւ իրենց նախանշած ծրագրերի տրամաբանության մեջ։

Լիա Սարգսյան