Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փոքրիկ Տիգրանին հա՞յրը uպանեց, թե՞` մենք ու անտարբեր հասարակությունը

Blog Image

Օրեր առաջ էր, երբ լսելով, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում երեխա է կորել, շտապեցինք այնտեղ՝ ինչ-որ հույս ունենալով, որ մեր՝ ԶԼՄ ներկայացուցիչներիս ներկայությունն ինչ-որ առումով դրական ազդեցություն կունենա..., ամեն դեպքում այդ հույսով էինք գնում Ծափաթաղ։ Գյուղ հասանք այն պահին, երբ Տիգրանի 5-ամյա եղբոր հետ հոգեբաններն աշխատում էին, որպեսզի երեխան, որ խոսքի հետ կապված խնդիր ունի, կարողանա բացատրել, թե ուր է գնացել Տիգրանը, որտեղ են իրենք խաղացել վերջին անգամ։

Իրականում ծանր տեսարան էր, անմեղ աչուկներով տղան չէր էլ հասկանում, թե ինչ են ուզում իրենից, կամ ընդհանրապես, ինչու են այդքան մարդիկ եկել իրենց՝ բոլորի կողմից լքված ու մոռացված գյուղ, կամ թե ինչու այդքան տարբեր մարդիկ հանկարծ հիշեցին իր, իր քույր ու եղբայրների մասին։ Մինչ մասնագետներն աշխատում էին Տիգրանի եղբոր հետ, մենք սկսեցինք շրջել գյուղում, հարևանների հետ զրուցել։ Բոլորը միաբերան պատմում էին, որ երեխաների մայրը կաշվից դուրս է գալիս, որ պահի 14 հոգուց բաղկացած ընտանիքը։ Տիգրանից բացի ծնողներն ունեն ևս չորս երեխա, չորսն էլ, ըստ գյուղացիների, մտավոր որոշակի խնդիրներով։ Ինչևէ, առաջին հայացքից սոցիալապես անապահով, բայց հոգատար ընտանիքում էր ապրում Տիգրանը։ Հարևաններն այդպես էին պնդում ու պատմում։ Ավելին, ասում էին, թե Տիգրանի ծնողներն այնքան լավ մարդիկ են, որ ձմռանն իրենց տանիքն են առաջարկում նաև երեխայի հորաքրոջ վեց հոգանոց ընտանիքին։ Այս դրական ֆոնին միայն մի քանի համարձակներն էին տեսախցիկներից այն կողմ պատմում, որ երեխային ու իր քույր-եղբայրներին հաճախ են տանը ծեծի ենթարկում, օրերով սոված պահում, և այլն, և այլն։ Իսկ երբ առաջարկում էինք տեսախցիկի մոտ խոսել, բոլորը կտրուկ հրաժարվում էին՝ ասելով, թե ուրիշի ընտանիքի գործերին խառնվելու իրավունք չունեն։

Այսօր, երբ արդեն հրապարակված է, որ Տիգրանի հայրն է խեղդել երեխային, այն էլ հարազատ եղբոր աչքի առաջ, այդ նույն հարևանները սկսել են խոսել, առնվազն սոցիալական ցանցերում արդեն ակտիվորեն գրառումներ են անում, թե իրենք «ասում էին»։ Ավելին, քանի որ «եզն արդեն ընկած է, դանակավորներն էլ շատացած», մարդիկ պատմում են նաև, որ երեխայի հայրն էլ հոգեկան շեղումներ ունի։ Օրեր առաջ համեստորեն լռողներն այսօր «բլբուլ են կտրել», խոսում են երեխայի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու կարևորությունից։ 

Սարսափազդու դեպքից հետո  «ուրիշի ընտանիքի գործերին խառնվելու իրավունք չունեցողները» հանկարծ «ստացան այդ իրավունքը», բայց դեռ պարզ չէ՝ երբ պատկան մարմինները ընտանիքի մասին հարցումներ իրականացնեն համայնքում, այդ նույն մարդիկ կպահպանե՞ն նոր ստացած այդ իրավունքը, թե՞ էլի կույր ու խուլ կձևանան՝ մոռանալով, որ իրենք էլ այս հասարակության մի մասնիկն են ու պիտի որպես քաղաքացի պատասխանատվության իրենց բաժինը ցուցաբերեն։

Ցավոք, նմանատիպ երևույթները դեռ շատ երկար են շարունակելու գոյություն ունենալ, այնքան ժամանակ, քանի դեռ մենք բռնության վերաբերյալ հանցավոր լռություն ենք պահպանում։

Նարե Գնունի

Send