Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի զբոսայգու կողմից, քաղաքացին ընկել է Հրազդան գետը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում փրկարարները գետից դուրս են բերել մոտ 70 տարեկան կնոջը, ապա ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանի, կրտսեր պարեկ Գևորգ Յութինյանի հետ շտապօգնության բժիշկների օգնությամբ կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
