Սիրիայում քաոս է, ծայրահեղականներն անցել են գործի․ Իսրայելն օգտվում է իրավիճակից

«Հանգստյան օրերին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները նոր աշխարհահակարգի փոփոխության մասին են»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հալեպահայ Վարուժան Սարգսյանը՝ մեկնաբանելով վերջին 2 օրերի ընթացքում Սիրիայում տեղի ունեցած դեպքերը, որը թուլացրեց Սիրիայի դերակատարումը Մերձավոր Արևելքում։
Սարգսյանի խոսքով՝ այդ ամենն արտաքին ուժերի՝ Թուրքիայի և Ռուսաստանի կողմից իրականացված «փայլուն օպերացիա էր», որով ոչ թե վերջակետ դրվեց ավելի քան 14 տարի ձգձգվող պատերազմին, այլև սկիզբ դրվեց նոր պատերազմի ու ռազմական հանցագործությունների։
«Սիրիայում քաոսային վիճակ է, այս պահին երկիրը բարձիթողի վիճակում է, բոլորը տեր են։ Մեկ օրվա մեջ Բաշար Ալ Ասադը լքեց երկիրը, փոխվեց երկրի դրոշը, բանակը հետ քաշվեց, կրակը մի պահ դադարեց։ Նախագահի դղյակը, որ անհասանելի ամրոցի էր նման՝ այժմ արդեն լքված է։ Դամասկոսի ժողովուրդը այնտեղից գողանում ու տանում է, ինչ ուզում է, այդ թվում՝ ավտոմեքենաներ։ Նախքան այս դեպքերը Սիրիայում ապրող փոքրամասնությունները՝ քրիստոնյաները, քրդերը, սունիներն ու շիաները ապրել են համերաշխ, ու բոլորի պայքարը եղել է սիրիական հայրենիքի պաշտպանությունը։ Հեղափոխությունից հետո այժմ ներքին կյանքը փոխվել է։ Միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն կա։ Ծայրահեղականներն անցել են գործի»,- ասում է Վարուժանը։
Ի՞նչ է սպասվում Սիրիային, անգամ վերլուծաբանները չեն կարողանում կանխատեսել։ Վարուժան Սարգսյանը հույս ունի, որ պատերազմներ ու փորձություններ հաղթահարած, սակայն երբեք ծնկի չեկած Սիրիայի համար այս հեղափոխությունը՝ դնելու երկրի զարգացման հիմքը։
«Մեզ մնում է միայն համբերատարությամբ սպասել։ Չեմ բացառում, որ ծայրահեղականները կփորձեն ներքին պատերազմ հրահրել։ Սիրիական հայրենիքի մեջ փոփոխությունների այս փուլում, մեր ժողովրդի զավակներին կհորդորեմ լինել զուսպ և զգուշավոր, մանավանդ, որ Իսրայելը հավակնություններ ունի մեր տարածքների վրա և զինադադար դեռևս հաստատված չէ։ Անգլուխ պետություն է, ով ինչ ուզում, անում է։ Հորդորում եմ բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Եվ նրանք, որոնք հացի կարիք ունեն, կարող են դիմել հայկական համայնքին, եկեղեցուն և ներկայանալ եկեղեցուն կից ժողովրդային տուն»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան