2022-ի նոյեմբերին պետք է բնակարանները հանձնեին, բայց դեռ չեն տվել․ կառուցապատողի հերթական զոհերը

2022-ի նոյեմբերին պետք է բնակարանները հանձնեին, բայց դեռ չեն տվել․ կառուցապատողի հերթական զոհերը

Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 42/1 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի բնակիչները, արդեն երկու տարի է, սպասում են, որ իրենց գնած բնակարաններն ի վերջո հանձնվեն իրենց։ Դեռ 2022 թվականի նոյեմբերին պետք է իրենք տեղափոխվեին ու ապրեին նոր գնած տներում, սակայն, այդքան սպասված բնակարանամուտը դեռևս չի եղել ու պարզ էլ չի՝ երբ կլինի։

MediaHub-ին ահազանգած քաղաքացիներից մեկը պատմեց, որ իրենք բնակարանը ձեռք են բերել «Bars Real Estate Agency»-ի միջոցով, երբ շենքն արդեն կանգնած է եղել։

«Այդ ժամանակ մեզ ասացին, որ մոտ 7 ամսից շենքը հանձնվելու է շահագործման, ու մենք կարողանալու ենք տեղափոխվել։ Մեր ամբողջ ֆինանսական միջոցներն ուղղել ենք այդ բնակարանի ձեռքբերմանը, ու մինչև այսօր սպասում ենք, որ շենքը կհանձնվի շահագործման»,- նեղսրտած պատմեց բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ որևէ հստակ հիմնավորում, թե ինչու բնակարանները չեն հանձնվում շահագործման, չկա։

«Մե՛կ «Վեոլիա ջուրն» է «մեղավոր», մե՛կ՝ քաղաքապետարանը։ Էս ինչ անարխիա է, այսինքն՝ շենքի շահագործումը երկու տարի ուշացնում են, բայց որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Մեզ էլ որևէ հոդաբաշխ պատասխան չի տրվում, թե ինչու շենքի ավարտական ակտը չի տրվում, ինչու մեզ թույլ չեն տալիս տեղափոխվել ու ապրել մեր բնակարաններում», - ասաց մեզ դիմած քաղաքացին։

Նա նշեց, որ հիմա էլ քաղաքապետարան դիմում է ներկայացրել, որ գոնե այնտեղից հստակ պատասխան ստանա՝ ինչ խնդիր է առաջացել, որ չեն թույլատրում շենքը շահագործման հանձնել։

«Հիմա կառուցապատողը քաղաքապետարանին է մեղադրում անգործության մեջ։ Բացի այդ, «Վեոլիա ջուրն» է մեղավոր, քանի որ ջրաչափերը չէր դրել։ Բոլորն իրենց վրայից գցում են պատասխանատվությունը»,- նկատեց նա՝ ասելով, որ այս պահին անտերության են մատնել այդ շենքի բնակիչներին։ Մինչդեռ շատ այլ շենքեր, որոնք «հատուկ մարդկանց» համար են կառուցվում, շատ ավելի արագ են հանձնվում շահագործման։

Խնդրի հետքերով MediaHub-ը կապ հաստատեց բնակարանների վաճառքով զբաղվով «Bars Real Estate Agency»-ի հետ, որտեղից MediaHub-ին ասացին, որ իրենք որևէ լծակ չունեն կառուցապատողին պատասխանատվության ենթարկելու կամ պարտադրելու, որ շենքը հանձնվի շահագործման։

«Կառուցապատողը մեզ ներկայացրել է նախագիծ, ասել, թե երբ շենքը պատրաստ կլինի շահագործման, մենք էլ սկսել ենք շենքի նախագիծը ներկայացնել, վաճառք իրականացնել, հիփոթեքային վարկի առումով գործակցել քաղաքացիների հետ։ Դրանից զատ մենք լիազորություն չունենք»,- մեզ հետ զրուցյում ասացին ընկերությունից։

Նշենք, որ ընկերության տնօրեն Մարինա Չատինյանը նկատեց՝ իրենք ամբողջապես հասկանում են քաղաքացիներին, սակայն, որևէ բան անել չեն կարող։

«Ես երկու ամիս առաջ եմ եղել շենքում, շինարարական աշխատանքն ավարտված էր, բայց թե ինչու շենքը չի հանձնվում շահագործման, չեմ կարող ասել։ Իրականում պատկան մարմինները պիտի ստուգումներ իրականացնեն, ապա տան ավարտական ակտը»,- նշեց նա՝ հավելելով, որ այս առումով իրենք որևէ բան անել չեն կարող։

Միակ բանը, որ այս պահին կարող է և արել է շենքի բնակարանների վաճառքով զբաղվող ընկերությունը, այն է, որ, արդեն երկու ամիս է, դադարեցրել է շենքի գովազդն ու վաճառքներ իրականացնելու փուլը։


Այս հիմնավորումները, ըստ շենքում բնակարան գնած քաղաքացու, արդարացված չեն։ «Մեզ «Bars Real Estate Agency»-ն է հավատացրել, որ բնակարանները 2022-ի նոյեմբերին հանձնվելու են, մենք իրենց ենք ճանաչել ու իրենց միջոցով ենք բնակարան գնել։ Կառուցապատողին մենք չենք ճանաչել, իրենց ճանաչելով ենք գնացել ու բնակարան գնել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կվադրատ» կառուցապատող ընկերությունը։ Շենքի սեփականատերն Արմեն Հակոբյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ մականվամբ) որդին:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջրի» հետ է խնդիր եղել, դրա համար բնակարանների հանձնումն այսքան ուշացել է, բայց հիմա արդեն այդ խնդիրը լուծված է, և դիմում է մուտք արվել Երևանի քաղաքապետարան, որպեսզի գան ու ավարտական ակտ տան։ Այլ հարցերի Արմեն Հակոբյանը չպատասխանեց։ Այժմ մենք սպասում ենք, որ իրենց իրավաբանը կապ հաստատի մեզ հետ և ներկայացնի, թե ինչ խնդիր է առաջացել։

Մենք նաև դիմել ենք քաղաքապետարան՝ հասկանալու, թե երբ է դիմումը մուտք արվել և ավարտական ակտին երբ սպասեն քաղաքացիները։ Պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք:

Հավելենք, որ շենքում բնակարան ձեռք բերած քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրեց՝ իրենց երեկ ասել են, որ «Վեոլիա ջրի» հետ կապված խնդրի պատճառով բնակարանները հնարավոր է վեց ամսից հանձնեն իրենց։ Բայց դե հաշվի առնելով այս շենքի հետ կապված շուրջ երեք տարի ձգվող էպոպեան՝ դա էլ հստակ չէ: 

Ի դեպ, այս շենքը միակը չէ, ու Երևանում վաղուց վատ ավանդույթ է ձևավորվել՝ որևէ կառուցապատող նշված ժամկետների մեջ չի տեղավորվում, հետո սկսվում է մեկը մյուսի վրա մեղքը բարդելու փուլը, բնակիչների նյարդերի հաշվին ժամանակ ձգելը, որի ընթացքում քաղաքացիները ստիպված են կրկնակի ծախս տեսել՝ և՛ հիփոթեքի վճարը, և՛ վարձակալած բնակարանում բնակվելու վարձը վճարելով: Նման օրինակները բազմաթիվ են, երբ քաղաքացիները մնում են մեն-մենակ իրենց խնդիրների հետ:

Թերևս, միակ բացառությունը, որ ժամանակին շենքը հանձնվել է, և որևէ ժամկետ չի խախտվել՝ «Բյուրեղ» բնակելի թաղամասն է։ Եվ զուտ նրա հաշվին, որ այստեղ ՀՀ կառավարության անդամների կեսը տուն է ձեռք բերել: Մնացած դեպքերում անտերություն է տիրում:

Ինչևէ, MediaHub-ը հետևողական է լինելու խնդրի լուծմանը։

Նարե Գնունի