Ընդդիմությունն իր պասիվությամբ դառնալու է Հայաստանի «էքզիստենցիալ կապիտուլյացիայի» հանցակից․ Զոհրաբյան

Ընդդիմությունն իր պասիվությամբ դառնալու է Հայաստանի «էքզիստենցիալ կապիտուլյացիայի» հանցակից․ Զոհրաբյան

Հերթական անգամ խախտվում է նոյեմբերի իննի եռակողմ խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագիրը, որտեղ անկլավների մասին որևէ բառ չկար։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով անկլավների վերաբերյալ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ 

Նրա խոսքով՝ անգամ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանն էր կալանավայրից հայտարարել, որ անկլավների վերաբերյալ որևէ բան չկա այդ համաձայնագրում։ 

«Երբ Փաշինյանը խոսում է, որ եթե անգամ անկլավները փոխանակվեն, դա մեզ համար որևէ խնդիր չի առաջացնելու, հերթական մանիպուլյացիան է։ Հիմա անցեք Երասխավանով ու Պարույր Սևակի գյուղով, ու կտեսնեք, որ արդեն կատարվում են ինչ-որ աշխատանքներ։ Այսինքն՝ նախապատրաստվում են Տիգրանաշենի հանձնմանը, որից հետո ամբողջ Երասխ, Արարատ, ընդհուպ մինչև Ելփին ու Երևան լինելու ենք Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կասկադում նստած «ժելեյած մազերով» լիմոնադ խմող երիտասարդը, որին «պո ֆիգ» է, թե ինչ է կատարվում իր հայրենիքի հետ, որևէ երաշխիք չի ունենալու, որ իր «ժելեյած» գլխին ադրբեջանական գնդակը չի կպնելու»,- նշեց Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ Տավուշի անկլավների հանձնումն էլ մեզ համար կյանքի ճանապարհներից մեկն է փակելու։

«Հայաստանը հայտնվելու է հերթական բլոկադայի մեջ։ Երբ Փաշինյանը խոսում է անկլավների մասին և ասում է, որ դրանք եղել են բանակցային փաթեթում, ես ուզում եմ հիշեցնել համանախագահ Իգոր Պոպովի խոսքը, որը նշել էր՝ բանակցություններում անկլավների վերաբերյալ որևէ խոսք չի եղել։ Նիկոլը իր քաղաքական շպագատով մեզ հասցրել է այնտեղ, որ Ալիևը Բերձորից երեք մատի կոմբինացիայով ասում է՝ մենք ենք թելադրում խաղի կանոնները։ Ու եթե քաղաքական ընդդիմությունն այս ամենից հետո շարունակելու է իր պասիվությունը, ապա դառնալու է Հայաստանի «էքզիստենցիալ կապիտուլյացիայի» հանցակից»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ Մոլդովայում Նիկոլ Փաշինյանին երեկ  հարց են ուղղել՝ իր նշած ԽՍՀՄ 1975թ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը. «Շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի: Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ… Անկլավների հարցն այսօր հաճախ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցության համար, ասում են, վայ կա մի անկլավ, որ այսինչ քարտեզով պատկանում է Ադրբեջանին… Վերջերս գնացել էի Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրին՝ ինչ է լինելու, ես ասացի՝ ժողովուրդ, դեռ որեւէ կոնկրետ որոշում չկա, բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք»,-ասել էր Փաշինյանը:

Նարե Գնունի