Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչ ուտել և ինչից խուսափել այս շոգ օրերին. սննդագետի խորհուրդները

Blog Image

Շոգին դիմակայելու և լավ ինքնազգացողություն ունենալու համար խիստ կարևոր է ճիշտ սննդակարգ ունենալը։ Ինչ ուտել, ինչին ուշադրություն դարձնել և ինչից հրաժարվել այս օրերին, երբ օդի ջերմաստիճանը հատում է +42-ի շեմը. MediaHub-ը փորձել է պարզել՝ զրուցելով սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ։

Նրա խոսքով՝ նախ պետք է հասկանալ, որ օրգանիզմի համար արդեն իսկ սթրես է տարբեր ջարմաստիճանների բախվելը, օրինակ՝ զով սենյակից դուրս գալն ու արևոտ փողոցով խանութ գնալը. դա դառնում է ինքնազգացողության վատացման պատճառ, հաճախ հենց նման դեպքերով պայմանավորված մարդկանց մոտ ուշագնացության դեպքեր են գրանցվում։ Նմանատիպ դեպքերն էլ ավելի են շատանում, երբ մարդիկ չեն հետևում իրենց սննդակարգին։

«Հայկական խոհանոցը, բարեբախտաբար, ունի բավականին համեղ սննդամթերք այս սեզոնի համար. ունենք շատ համեղ մրգեր, բանջարեղեն։ Թե՛ միրգը, թե՛ բանջարեղենը կարող են օգնել խուսափել ջրազրկվելուց։ Պետք է հաշվի առնել, որ տնից դուրս գալիս մենք բավականին մեծ քանակությամբ քրտնում ենք, և մեր օրգանիզմը խոնավացման կարիք ունի։ Այդ առումով շատ կարևոր է, որ մենք օգտագործենք բավարար քանակությամբ ջուր։ Ես խորհուրդ եմ տալիս ամռանը նաև հանքային ջուր օգտագործել, քանի որ այն նաև միներալներ է պարունակում, իսկ քրտնելիս մենք միայն ջուր չէ, որ կորցնում ենք։ Շատ կարևոր մթերք է նաև մածունը, թե՛ որպես ուտելիք, թե՛ որպես թանի բաղադրիչ։ Թանը և թարմացնող է, և ջուր է պարունակում»,- նշեց Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև շաքար պարունակող մթերք և հյութեր չընդունելը։ 

«Գազավորված ըմպելիքները կարող ենք փոխարինել մրգային օշարակներով, բուսական թեյերով, որոնք պատրաստված կլինեն առանց շաքարի։ Եթե քաղցրություն ապահովելու խնդիր կա, ապա նախընտրելի է փոքր քանակությամբ մեղրի օգտագործումը։ Բացի քաղցրից, պետք է նաև այս եղանակին բացառել կծվի ու յուղոտ սննդի օգտագործումը։ Մեզ մոտ շատերն ընդմիջմանը շաուրմա և այլ ֆասթֆուդային ուտելիք են օգտագործում, ինչն էլ ծանրաբեռնում է մարդկանց օրգանիզմը։ Դրա փոխարեն կարելի է ուտել բանջարեղենային փոքր բրդուճներ, տարբեր համեղ աղցաններ, կանաչիներ»,- նշեց Դավիթ Պիպոյանը։

Ըստ սննդագետի՝ այս օրերին պետք է ուղղակի չծանրաբեռնել օրգանիզմը, պետք է օգտվել թեթև և քիչ ճարպեր պարունակող սննդամթերքից, օգտագործել ցածր կալորիականություն ունեցող կանաչեղեն։

Բացի ճիշտ սննդակարգ ընտրելուց, պետք է նաև ուշադրություն դարձնել սննդի պահման պայմաններին։

«Հաշվի առնելով տաք ջերմաստիճանը՝ պետք է շատ զգոն լինել մթերքի պահման հարցում։ Տանը, երբ ուտելիքը հանում ենք սառնարանից, ապա պետք է հաշվի առնենք, որ սենյակային ջերմաստիճանը շատ բարձր է, ու եթե սառնարանում մթերքը փչանալու խնդիր չուներ, ապա այդ բարձր ջերմաստիճանի պայմաններում կարող է շատ արագ փչանալ։ Այդ պատճառով շատ ավելի ճիշտ է փոքր քանակությամբ մթերք գնելը, որպեսզի սեղանից հավաքելու և սառնարանում պահելու խնդիր չլինի. օրինակ, կարելի է ընտրել ամենափոքր տուփով թթվասերը, որ մեկ օրում վերջանա»,- նկատեց Պիպոյանը։

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքին, ապա, ըստ սննդագետի, ցերեկային ժամերին այն օգտագործելը նախընտրելի չէ, իսկ ահա երեկոյան ժամերին սառը գարեջուր, կամ այլ թույլ խմիչք կարելի է օգտագործել, բայց քիչ քանակով։

Նարե Գնունի

Send