Փորձում են Էդգար Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցել

Փորձում են Էդգար Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցել

Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիաները շարունակվում են։

MediaHub-ի տեղեկություններով՝ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու հերթական փուլում իշխանությունը թիրախավորել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին, որը միշտ շատ խիստ քննադատություններ է հնչեցնում այս իշխանության հասցեին։

Մեր աղբյուրները հայտնում են, որ ցանկանում են գործ հարուցել Ղազարյանի նկատմամբ «ատելության խոսք» տարածելու համար։

Ղազարյանի կոնկրետ ո՞ր հայտարարությունը կարող է դիտարկվել որպես ատելության քարոզ, փորձեցինք պարզել հենց իր՝ Էդգար Ղազարյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ իշխանական ԶԼՄ-ներից մեկում է կարդացել, որ կարող է նման բան լինել ու այն  պատճառով, որ ինքը  «Հայելի» մամուլի ակումբում ասել է, թե «նիկոլական ուսուցիչները շատ վտանգավոր կենդանիներ են»։

«Բայց այդտեղ ի՞նչ ատելության խոսք, պետք է նախ հասկանալ` ի՞նչ ասել է նիկոլական, ո՞վ է նիկոլական ուսուցիչը։ Դաշտ ինֆորմացիա են նետել, թե իբր նույն հոդվածով, որով հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի դեմ էին գործ հարուցել, իմ դեմ էլ կհարուցեն։ Բայց այդտեղ միտք չկա»,- նշեց Ղազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ որևէ բան չեն կարողանում իր վրա գտնեն, որ կարողանան գործ հարուցել, նման փրփուրներից են սկսել կառչել։

«Ինձ մեղադրում են, թե այս իշխանության օրոք աշխատել եմ, էլ չեն ասում՝ հենց իշխանության եկան, առաջինն ինձ են հետ կանչել։ Կամ ասում են` ՍԴ-ում եմ աշխատել, էլ չեն ասում՝ ինձ Հրայր Թովմասյանն է հրավիրել, իրենք այդտեղ կապ չունեն»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Նա նկատեց՝ չի զարմանա, որ իր դեմ գործ հարուցեն, «եթե հաշվի առնենք, թե ինչ հակաիրավական գործընթացներ են տեղի ունենում մեր երկրում»։

Նարե Գնունի