Զոhերի թիվը հասել է 2255-ի, 10 հազարից ավելի վիրավոր կա, 1,2 մլն գաղթական․ ի՞նչ իրավիճակ է Լիբանանում

Զոhերի թիվը հասել է 2255-ի, 10 հազարից ավելի վիրավոր կա, 1,2 մլն գաղթական․ ի՞նչ իրավիճակ է Լիբանանում

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Բեյրութում ապրող մեր հայրենակիցների խոսքով՝ պատերազմն օրեցօր փոխում է կանոնները` ընդլայնելով աշխարհագրությունը։ Բեյրութի հարավային արվարձաններից ժամանակ առ ժամանակ հրթիռները հայտնվում են նաև քաղաքի կենտրոնում։ 

Պատերազմի առաջին օրից հաշված՝ զոհերի թիվը հասել է 2255-ի, կան տաս հազարից ավելի վիրավորներ, ավելի քան 1,2 մլն գաղթական։

«Պատերազմի առաջին օրերին մենք հայտարարում էինք, որ Իսրայելը հիմնականում ռմբակոծում է Բեյրութի հարավային շրջանները։ Դժբախտաբար, անցած օրերի ընթացքում 3 անգամ հարվածներ են հասցվել նաև կենտրոնական շրջաններին։ Այսինքն, ոչ մի տեղ այլևս ապահով չէ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց լրագրող Փաթիլ Մկրտչյանը։

Լիբանանը քաղաքական հայտարարություններով  փորձում է հասնել հրադադարի։ Պաշտոնական հաղորդագրությունները հաջորդում են մեկը մյուսին։ Կրակի դադարի մասին, սակայն, ոչ մի դրական տեղաշարժ։ 

«Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները պարբերաբար հայտարարություններ են տարածում, որ Լիբանանը չի ձգտում պատերազմի, այլ հակառակը, փորձում է ժամ առաջ վերջակետ դնել այս անմարդկային գործողություններին, որից մեծապես տուժում է խաղաղ բնակչությունը։ Անգամ թիրախավորվում են հիվանդատար մեքենաներն ու բուժհաստատությունները։ Պատերազմի կանոններից դուրս՝ անմարդկային շատ գործողություններ են կատարվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ներքին տեղահանվածների կարիքները հոգալու համար պատերազմող Լիբանանը տարբեր երկրներից մարդասիրական տարբեր օժանդակություն է ստանում։ Սակայն լիբանանցիները շունչները պահած սպասում են ԱՄՆ գործուն քայլերին։

«Բլինքենը հայտարարել է, որ դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու ձգտում կա։ Այս պահին ամենակարևոր քայլը կլինի հրադադարը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան