«429», սա Արթուրի համարն էր, որ տվեցին դիահերձարանում․ ցավից կուչ էի եկել ու եղբորս ողբն էի լացում

«Ես դռնեդուռ վազում էի մե՛կ հանրապետական, մե՛կ մանկական, մե՛կ էլ ուռուցքաբանական հիվանդանոցներ։ Թարմացվող ցուցակներում եղբորս՝ Արթուրի անունը չէի հանդիպում։ Երբ բուժքույրերից մեկն առաջարկեց «մորգ»-ում փնտրել, ես նեղացա՝ մտածելով, որ եղբորս ողջերի մեջ պիտի փնտրեմ։ «429», սա եղբորս համարն էր, որ տվեցին դիահերձարանում…. ցավից կուչ էի եկել ու եղբորս ողբն էի լացում»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է 2023 թվականի սեպտեմբերյան մարտերում անմահացած Արթուր Հովսեփյանի քույրը՝ Աննան։
Հովսեփյանների ընտանիքը 2003 թվականին Սյունիքից Արցախ տեղափոխվելու որոշում է կայացրել։ Բնակության նոր հասցեն Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղն էր։ Այնտեղ բնակարան են ձեռք բերել, 3 զավակների հետ ապրել մինչև 2020 թվականը։ 44-օրյա պատերազմին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Ակնայի (Աղդամ) շրջանը թշնամուն հանձնելուց հետո Ուղտասարը ևս անցել է Ադրբեջանի հսկողության տակ։
«Ինքն այնքան շատ էր կապված Արցախի հետ, որ իր կյանքն այնտեղից դուրս չէր պատկերացնում։ Պայմանագրային հիմունքներով ծառայում էր ՊԲ-ի 4-րդ պաշտպանական շրջանում, դիրքապահ էր՝ գնդացրորդ։ Մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին, 9 օր մնացել շրջափակման մեջ։ Դիրքերից իջել է միայն նոյեմբերի 25-ին։ Երբ իմացել ենք, որ ողջ է, նրա գտնվելը վերածնունդ էինք համարել»,- պատմում է քույրը։
Արթուրն ամուսնացած էր։ Կնոջ՝ Էլինայի հետ գեղեցիկ ընտանիք է ստեղծել։ Գյուղը կորցնելուց հետո Արթուրի ընտանիքը տեղափոխվել էր Գորիս։ Հերթափոխից հետո միանում էր նրանց, հետո նորից վերադառնում Արցախ։ Հերթական տունդարձը պետք է լիներ 2022 թվականի դեկտեմբերի 11-ը։
«Արցախում մեր տանն էր մնում։ Այդ օրը հոգնած էր, որոշեց հանգստանալ, որ հաջորդ օրը գնա Գորիս։ Առավոտյան ադրբեջանցիները փակեցին կյանքի միակ ճանապարհն ու մենք մնացինք շրջափակման մեջ։ Նա այդպես էլ ընտանիքի անդամներին գրկելու հնարավորություն չունեցավ»,- արտասվում է Աննան։
42-ամյա Արթուր Հովսեփյանը Հարավի դիրքերում էր։ Սեպտեմբերի 18-ին զանգահարել ու շնորհավորել է դստեր ծննդյան տարեդարձը, խոսել ընտանիքի անդամների հետ։ Պաշարման պայմաններում դա սերն ու կարոտը հաղթահարելու միակ տարբերակն էր։ Սակայն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ հրահրեց Արցախի դեմ։
«Հարավում դեռ առավոտյան իրադրությունը լարված է եղել, դրա մասին իմացել եմ ավելի ուշ։ Երբ վերցրել եմ հեռախոսս, որ զանգեմ Արթուրին, տեսա sms հաղորդագրություն, որ «բաժանորդը զանգահարել է ձեզ»։ Հովհարային անջատումների պատճառով կապը հաճախ էր խաթարվում։ Հետզանգ արեցի, ժամը 13:05-ի կողմերն էր, եղբայրս սովորականից ավելի անհանգիստ ու կամաց էր խոսում։ Հարցրեց երեխաներից, թե ով որտեղ է, ու ասաց, որ շատ արագ բոլորին տուն բերեմ ու իջնենք ապաստարան, կռիվ է սկսվում։ Անմիջապես զանգահարեցի ամուսնուս, ասացի այդ մասին։ 2 րոպե հետո նորից Արթուրը զանգեց, ասաց՝ «արագացրե՛ք, բոլորդ իրար հետ եղե՛ք ու ուշադիր»։ Ու այդ պահին սկսվում է հրթիռակոծությունը։ Այսինքն՝ ինքը, որ առաջնագծում էր, ավելի վտանգավոր վայրում, էլի մեր մասին էր մտածում»։
Սեպտեմբերի 19-ին Արթուրի կյանքն ընդհատվել է Հարավի դիրքերում։ Նա բեկորային մահացու բազմաթիվ վնասվածքներ էր ստացել։ Նրա զոհվելու մասին քույրն իմացել է ավելի ուշ։
«Բոլորը գիտեին այդ մասին, նույնիսկ երեխաներս, նույնիսկ շրջաններից ու քաղաքի ծայրամասային թաղամասերից եկած ու մեր տանն ապաստանած մարդիկ։ Իսկ ինձ ասում էին՝ «վիրավոր է»։ Համատարած անորոշություն էր, ես գիտեի, որ եթե ողջ լիներ կզանգեր, իսկ եթե իսկապես ծանր վիրավորում է ստացել, ապա որտե՞ղ է»,- պատմում է քույրն ու հիշում, թե ինչպես բոլորից թաքուն որոշեց ինքնուրույն փնտրել եղբորը Ստեփանակերտի հիվանդանոցներում։
«Երբ խելագարված ուզում էի գնալ Իվանյան, որ այնտեղի հոսպիտալում փնտրեմ, այդ բուժքրոջ ասածով, գոնե սրտահովության համար մտա «մորգ»։ Ստորագրություն վերցրեցին, որ մտնեմ դիերի պահման սառցարաններ։ Այդ ժամանակ ամուսինս եկավ ու արգելեց՝ վստահեցնելով, որ վիրավոր է։ Մենք գնացինք Մայր տաճար, որ աղոթեմ։ Գորիսից քույրս զանգեց, խոսելու ընթացքում պապաս կողքից ասաց՝ «հանկարծ Աննային չասեք, որ Արթուրը զոհվել է, չի դիմանա»»,- արտասվում է Աննան։
Հակառակ դատաբժշկական փորձաքննության կենտրոնի անձնակազմի պնդումներին, Աննան որոշել է բացել ու վերջին անգամ տեսնել եղբորը։ «429» թիվն Արթուրի դիակի համարն էր…
Մի քանի օր Արթուրի մարմինը եղել է Հարավի բարձունքում։ Դժվար ժամանակներ էին հատկապես այն ընտանիքների համար, ովքեր կորուստներ են ունեցել։ Դիերը Հայաստան տեղափոխելու որոշում չկար։ Այդ օրերին հուղարկավորությունները դեռ կազմակերպվում էին Արցախում։ Աննայի ամուսինը խնդրել է Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որ միջամտի, Արթուրին ևս տեղափոխեն Հայաստան, գոնե հարազատները սգալու տեղ ունենան։
«Դրանից հետո նախաձեռնվել է, որ տղաներին այլևս Արցախում չհուղարկավորեն։ Եղբորս տեղափոխել ենք Գորիս։ Նա ամփոփվել է տեղի հերոսների պանթեոնում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հունան Թադևոսյան