Եվրամիությունն առաջարկում է ռուսական գազի դիմաց եվրոյով վճարել՝ պատժամիջոցները չխախտելու համար

Եվրամիությունն առաջարկում է ռուսական գազի դիմաց եվրոյով վճարել՝ պատժամիջոցները չխախտելու համար

ԵՄ ընկերությունները առանց պատժամիջոցները խախտելու կարող են շրջանցել գազի վճարումները ռուբլով ստանալու Ռուսաստանի պահանջը, եթե վճարեն եվրոյով կամ դոլարով, որոնք այնուհետեւ փոխարկվեն ռուսական արժույթի, ուրբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է Reuters-ը։

Ընկերությունները պետք է նաեւ լրացուցիչ պայմաններ փնտրեն գործարքների համար, օրինակ՝ հայտարարություններ այն մասին, որ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարված են համարում ոչ ռուսական արժույթներով վճարելուց հետո։

Մոսկվան նախազգուշացրել է Եվրոպային, որ կդադարեցնի գազի մատակարարումը, եթե ռուբլով չվճարեն: Մարտին Պուտինը ստորագրել էր հրամանագիր, որով էներգառեսուրսների գնորդներին առաջարկվում է հաշիվներ բացել «Գազպրոմբանկ»-ում՝ եվրոյով կամ դոլարով վճարումներ կատարելու համար, որոնք այնուհետեւ կվերածվեն ռուբլու:

Հանձնաժողովը հայտարարել է, որ ընկերությունները պետք է շարունակեն վճարել «Գազպրոմ»-ի հետ պայմանագրերում համաձայնեցված արժույթով, որի 97 տոկոսը եվրոյով կամ դոլարով է:

«Այն ընկերությունները, որոնց պայմանագրերը նախատեսում են եվրոյով կամ դոլարով վճարումներ, չպետք է ենթարկվեն ռուսական պահանջներին։ Դա կհակասի գործող պատժամիջոցներին»,- ասել է Հանձնաժողովի ներկայացուցիչը։

Հինգշաբթի անդամ երկրներին ուղարկված խորհրդատվական փաստաթղթում Հանձնաժողովը հայտարարել է, որ ռուսական առաջարկը վտանգում է խախտել ԵՄ պատժամիջոցները, եթե վճարումները ռուբլու վերածվեն եւ անցնեն Ռուսաստանի իշխանությունների ձեռքը:

Բրյուսելի փաստաթղթում ասվում է, որ կան տարբերակներ, որոնք կարող են թույլ տալ ընկերություններին շարունակել օրինական կերպով վճարել գազի համար:

Սակայն հրամանագրի պահանջներից ազատվելու կարգը դեռ պարզ չէ, ասվում է փաստաթղթում։

Վճարումները կատարելուց առաջ ԵՄ օպերատորները կարող են նաեւ հստակ հայտարարել, որ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարված են համարում «Գազպրոմբանկ»-ին եվրո կամ դոլար փոխանցելու պահից, եւ ոչ ավելի ուշ՝ վճարումը ռուբլու վերածելուց հետո, ասվում է փաստաթղթում։

«Նպատակահարմար կլիներ խնդրել ռուսական կողմին հաստատել, որ նման ընթացակարգ հնարավոր է՝ համաձայն հրամանագրի կանոնների»,- ասվում է փաստաթղթում։

Հանձնաժողովի առաջարկություններն իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն քննարկումը ճիշտ ուղղությամբ տանելու փորձ են, մինչ ԵՄ անդամ երկրները որոշում են, թե ինչպես կարող են շարունակել վճարել ռուսական գազի համար:

ԵՄ պատժամիջոցների ռեժիմը չի խանգարում ընկերություններին հաշիվներ բացել «Գազպրոմբանկ»-ում կամ համագործակցել բանկի հետ՝ փորձելով լուծում գտնել, ասվում է փաստաթղթում։