Փաշինյանի խամրած բրենդը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։
Կազմակերպության՝ երեկ հրապարակված տարեկան զեկույցը, որը կոչվում է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը», արձանագրում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։
«Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար», - ասված է Amnesty International-ի զեկույցում։
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն, ըստ էության, արձանագրել է ժողովրդավարական այն բոլոր սահմանափակումները, որոնց մասին տևական ժամանակ ահազանգում են հայաստանյան ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը։
Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր ընդդիմության քննադատությունն, այսպես ասած, ռևանշիստական է համարում, ապա նույն բանը հնարավոր չէ ասել Amnesty International-ի մասին, որի զեկույցները, որպես կանոն, հետո դառնում են եվրոպական ու միջազգային պաշտոնական կառույցների գնահատականների հիմք։
Բայց այս զեկույցը՝ հետևանքներից զատ, ունի թեստային նշանակություն, որը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը։
Հայաստանի փաստացի վարչապետը ժողովրդավարությունը համարում էր Հայաստանի հիմնական բրենդը։ Պարզվում է՝ այդ բրենդն արդեն խամրած է։
Վահրամ Բագրատյան