Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում բանակցություններին

Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում բանակցություններին

Առայժմ հանգուցալուծված չէ Քարագլուխ բարձունքի շուրջ զարգացող ճգնաժամը․ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան գտնվում են հրապարակային դիվանագիտական «փոխհրաձգության» ռեժիմում։

Մյուս կողմից, դիվանագիտական «պատերազմը» շարունակվում է պաշտոնական Երևանի ու Բաքվի միջև։

Հայաստանի իշխանությունը խաղաղության պայմանագրի բանակցությունների տապալման մեջ մեղադրում է Ադրբեջանին, որը վարում է ագրեսիվ քաղաքականություն։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել՝ մարտի 28-ին ՀՀ Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության վերաբերյալ։  Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ «տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմանագիր կնքելու համար։ 

«Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային իրազեկման քարոզարշավ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանն, իր հերթին, պատրաստ է դրան»,- ասել են ԱԳՆ-ում։

Բաքուն պնդում է, որ մեկ տարի առաջ հանդես է եկել խաղաղության պայմանագրի ստորագրման առաջարկով, իսկ մեկ ամիս առաջ հայտարարել է կոնկրետ կետերի մասին, որոնց վրա պետք է հիմնված լինի փաստաթուղթը։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հատկապես վերջին դրվագը տարակուսելի է, մանավանդ, որ պաշտոնական Երևանը հրապարակավ հայտարարել է, թե ընդունում է Բաքվի առաջ քաշած հինգ սկզբունքները ու դիմել է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Արդյո՞ք Բաքուն դեմ է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությանը, թե՞ Ադրբեջանն առհասարակ դեմ է խաղաղության գործընթացին ու պատրվակ է փնտրում՝ այն վիժեցնելու համար։ Այս հարցերի պատասխանները կստանանք առաջիկա օրերին։

Վահրամ Բագրատյան