Ամեն անգամ փորձ է կատարվում ոչ միայն զորք կուտակելով, այլ նաև մեր սահմանի վրա հարձակումներ իրականացնելով մեզ ինչ-որ բաներ պարտադրել, ու դրա մասին հարևան երկրի ղեկավարը բաց խոսում է։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետի ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Չնայած դրան, նա նկատեց՝ քանի դեռ ժողովուրդը կանգնած է ՀՀ իշխանության մեջքին, իրենք պինդ են բանակցային գործընթացի մեջ։
«Մենք պատասխանատու և հաշվետու ենք մեր ընտրողների հանդեպ։ Մեր գնահատականը տվել են մարդիկ, որոնք նաև Սյունիքում են մեզ ընտրել 2021-ին»,- ասաց նա։
Սիմոնյանն ասաց, որ եթե 50+ ձայն իշխանությանը չտան, ապա շատ կդժվարանան երկրի անվտանգային խնդիրները:
Անդրադառնալով այս ընտրություններին և այն ահազանգերին, որ խախտումներ են արձանագրվում, վարչական ռեսուրս է կիրառվում, Սիմոնյանը նշեց, որ նման դեպքերը խիստ դատապարտելի են։
«Ես կհետևեմ, որ իրավապահները հետամուտ լինեն այս հարցին։ Հարվածել ժողովրդավարական համակարգին՝ անօրինական գործողություններով, պետության դեմ հանցագործություն է։ 100 հազարավոր մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք գուցե չեն էլ հասկացել՝ ինչ է հեղափոխությունը»,- ամփոփեց խոսքը Ալեն Սիմոնյանը։