Ես կարծում եմ՝ կա ճշմարտությունը լսելու պատրաստակամության խնդիր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ խոսելով այն դիտարկումների մասին, թե ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից։
«Մենք հասել ենք այն կետին, որտեղ պետք է կարողանանք ապահովել ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը։ Տեսեք, որևէ մեկնաբանություն, թե իշխանությունը մոռացել է Արցախը և չի զբաղվում խնդիրներով, ընդհանրապես իրականության հետ կապ չունի, մեր ժամանակի մեծ մասը նվիրված է դրան. շատ բարդ բանակցային գործընթաց է, բարդ իրավիճակ է, սա հաշվի առեք և որևէ մեկի մտքով թող չանցնի, որ նման տրամադրվածություն կա իշխանության մեջ: Չի եղել և չի կարող լինել»,-ասաց նախագահը։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, նախագահը նշեց, որ պայմանագրի հիմնական տարաձայնությունը ԼՂ-ին է վերաբերվում։
«Եկեք, շատ չբացենք, որովհետև, շատ դեպքերում, մեր տարբեր հայտարարություններ օգուտ չեն տալիս, որովհետև հակառակորդ կողմը հղում է անում ՀՀ տարբեր պայտոնյաների տարբեր հայտարարություններին։ Մեր ձգտումը հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր ստորագրելն է»,-նշեց նա։