ՀՀ երեք քաղաքացի ցանկություն է հայտնել տուն կառուցել Փաշինյանի ճանաչած «ադրբեջանական անկլավներում» 

ՀՀ երեք քաղաքացի ցանկություն է հայտնել տուն կառուցել Փաշինյանի ճանաչած «ադրբեջանական անկլավներում» 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ սահմանամերձ բնակավայրերում պետության աջակցությամբ տուն կառուցելու վերաբերյալ ծրագրին Mediahub-ը մի քանի օր առաջ անդրադարձել էր։ 

Մենք նշել էինք, որ սա շատ լավ ծրագիր է, պարզապես խնդիր կա այստեղ՝ նախարարության հրապարակած սահմանամերձ բնակավայրերի ցանկում են գտնվում նաև «ադրբեջանական անկլավներ» համարվող Բաղանիս, Ոսկեպար գյուղերը (Տավուշի մարզում) և Տիգրանաշեն գյուղը (Արարատի մարզում), որոնք կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով ճանաչվել են ադրբեջանական անկլավներ, և ինքը՝ Փաշինյանը, անցյալ տարվա մայիսին տված իր ասուլիսում հայտարարել է, որ այդ գյուղերը չեն մտնում ՀՀ 29.800 քկմ տարածքի մեջ, և որ ինքը այդ գյուղերը ճանաչում է Ադրբեջանի մաս ու պատրաստ է դրանք հանձնել Ադրբեջանին։ Այսինքն՝ ստացվում է, որ սոցապնախարարությունը մարդկանց հորդորում և խրախուսում է գնալ և տուն կառուցել այդ թվում անկլավներում, որոնք վաղը իրենց կառավարությունը մտադիր է հանձնել թշնամուն։ 

Ուստի, մենք հինգ հարցից բաղկացած հարցում էինք ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, որը պարզվեց՝ այս օրերին գտնվում է Հնդկաստանում, որտեղ ներկայացրել է Հայաստանը ինչ-որ համաժողովի շրջանակներում։ Մենք նախարարից հետաքրքրվել էինք, թե արդյոք այս ծրագիրը կյանքի կոչելիս քննարկե՞լ են Նիկոլ Փաշինայնի հետ, և ի՞նչ տրամաբանությամբ են որոշել մարդկանց ուղորդել տուն կառուցել այն գյուղերում, որոնք իրենց կառավարությունը ՀՀ տարածքի մաս չի դիտարկում։ Նաև հետաքրքրվել էինք՝ այդ քաղաքացիներին արդյոք տրվե՞լ են երաշխիքներ, որ իրենց կառուցած տները վաղը չեն անցնի թշնամու տիրապետության տակ։ 

Վերջին հարցով էլ հետաքրքրվել էինք, թե ծրագրի մեկնարկից ի վեր քանի՞ քաղաքացի է ցանկություն հայտնել պետության աջակցությամբ տուն կառուցել վերոնշյալ երեք բնակավայրերում՝ Բաղանիս, Ոսկեպար և Տիգրանաշեն։ Մեր ուղարկած հինգ հարցից չորսը ԱՍՀ նախարարությունը անտեսել էր՝ հավանաբար վրիպել էր նրանց աչքից (չենք մտածում, որ դիտավորյալ չեն նկատել), և պատասխանել են միայն վերջին հարցին, այն էլ՝ ոչ նախարարի անունից։

Ըստ այդմ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի շրջանակում հաստատվել է 480 դիմում, որից Տավուշ՝ 276, Սյունիք՝ 63, Վայոց ձոր՝ 57, Արարատ՝ 62, Գեղարքունիք՝ 22։ 

480 դիմումներից 298 շահառուի դիմում արդեն իսկ վարկավորվել է։ Ծրագրից աջակցություն ստանալու նպատակով Ոսկեպար գյուղից ստացվել է 2 դիմում, որը հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից և այժմ գտնվում է ԱԿԲԱ բանկի կողմից վարկավորման փուլում։ Մեկ դիմում էլ ստացվել է Բաղանիս գյուղի բնակչից, որն արդեն իսկ հաստատված գործ է, և Կոնվերս բանկի կողմից տրամադրվել է 1-ին փուլի վարկը։ Այսինքն՝ ՀՀ երկու քաղաքացի ցանկություն է հայտնել տուն կառուցել Փաշինյանի կողմից ՀՀ տարածք չճանաչվող և «հանձնման ենթակա» Ոսկեպար գյուղում, մեկ հոգի էլ՝ Բաղանիսում։ Տիգրանաշենի մասով ցանկություն հայտնող դեռ չկա։ 

Հ․Գ․ Քանի որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեր հարցերից մեկին գոնե տվել է սպառիչ պատասխան, ուստի մենք կարծում ենք՝ մյուս հարցերին ևս նախարարությունն ի զորու է պատասխանել և ունի դրա համար բավարար կարողություն։

Հետևապես, մենք նույն հարցերը կրկին ուղարկել ենք նախարարի անունով՝ հույսով, որ այս անգամ դրանք չեն վրիպի նախարարության աշխատակիցների աչքից, և հարցերն էլ մեզ կփոխանցվեն հենց նախարարի անունից։ 

Վահե Մակարյան