Սոցապնախարարությունը մարդկանց խրախուսում է գնալ և տուն կառուցել հանձնվող տարածքներում

Սոցապնախարարությունը մարդկանց խրախուսում է գնալ և տուն կառուցել հանձնվող տարածքներում

Եթե ունեք գրանցված ամուսնություն, ՀՀ քաղաքացիություն ու ցանկություն՝ կառուցելու Ձեր տունը սահմանամերձ գյուղական բնակավայրերից որևէ մեկում, պետությունը կմարի հիփոթեքային վարկն ամբողջությամբ, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը։

Այսպիսի հայտարարություն է տարածել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Առաջին հայացքից հրաշալի նախաձեռնություն է՝ հզորացնել և մարդկանցով լցնել մեր սահմանամերձ բնակավայրերը։ Ու քանի որ հայրենիքը սկսվում է սահմանից, կարող ենք ենթադրել, որ հայրենիքի հանդեպ էքստրաօրդինար պատկերացումներ ունեցող մեր կառավարությունը որոշել է այս ձևով ուժեղացնել սահմանը՝ քաղաքացիներին խրախուսելով գնալ և տուն կառուցել սահմանամերձ բնակավայրերում։

Իսկ ո՞ր համայնքների մասին է խոսքը, արդյոք անկլավները, որոնց հանձնելու շուրջ բանակցում է Նիկոլ Փաշինյանը և հրապարակավ քանիցս հայտարարել է այդ մասին, մտնո՞ւմ են սոցապնախարարության այս հրաշալի ծրագրի մեջ։ Պարզվում է՝ այո։ 

Հիշեցնենք, որ այդ անկլավների մեջ են մտնում Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը (նախկինում՝ Քյարքի), ինչպես նաև Տավուշի մարզից յոթ գյուղեր, այդ թվում՝ Բաղանիսը և Ոսկեպարը։ Եւ այս գյուղերը ընդգրկված են սոցապնախարարության հրապարակած ցանկում, որտեղ կարող են գնալ և կառավարության աջակցությամբ տուն կառուցել։

Ստացվում է՝ մի կողմից Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը համարում են, որ հայկական այդ գյուղերը Ադրբեջանինն են, ինչպես «Ադրբեջանինն էին» Արցախը, Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխ և Որոտան գյուղերի մի մասը, Սև լճի 30 տոկոսը և այսպես շարունակ, մյուս կողմից ասում են՝ «գնացեք ու ապրեք այդ գյուղերում, չնայած որ հետո դրանք ևս հանձնելու ենք թշնամուն»։

Հիշեցնենք, 2023 թվականի մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը այս թեմայով հնչած հարցին ի պատասխան՝ բառացիորեն հայտարարել է․ «Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի յոթ գյուղերը ներառված չեն»։ Փոխարենը այդ գյուղերից Տիգրանաշենը, Ոսկեպարն ու Բաղանիսը ներառված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված աջակցության ծրագրի շահառու հանդիսացող համայնքների ցանկում։ Տիգրանաշենը, ի դեպ, նաև Հանրայինով էին ներկայացրել որպես ադրբեջանական գյուղ։ 

Ուստի բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ է ճիշտ և ազնիվ մարդկանց քաջալերել, որ գնան և այդ տարածքներում տուն կառուցեն, եթե չկա երաշխիք, որ այդ տունը վաղը չի անցնելու թշնամու ձեռքը։

Նախարարության լրատվական ծառայությունից այս հարցին, ինչպես և սպասելի էր, բովանդակային պատասխան չտվեցին՝ նշելով, որ սա անվտանգային հարց է, որի վերաբերյալ իրենք լիազորված չեն մեկնաբանություն տալ։ Նորմալ է, որ նախարարության լրատվական բաժինը այս հարցը չմեկնաբանի, քանզի սա քաղաքական հարց է։

Ուստի փորձեցինք հարցի պատասխանը ստանալ գերատեսչության ղեկավարից՝ նախարար Նարեկ Մկրտչյանից, որը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է և հանդիսանում է կառավարության անդամ։ Ինքը, վստահաբար, այս հարցը քննարկած կլինի կառավարության ղեկավարի հետ, թե ի՞նչ երաշխիքով են մարդկանց ուղարկում տուն կառուցելու այնպիսի բնակավայրերում, որոնք իրենք պաշտոնապես ճանաչել են Ադրբեջանի մաս։ Բայց նախարար Նարեկ Մկրտչյանի թե՛ անձնական, թե՛ աշխատանքային հեռախոսահամարներին մեր զանգերը մնացին անպատասխան։  

Նկատենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո էլ մեկնարկեցին ու Հանրայինով սկսեցին լայնորեն գովազդել «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակը Ասկերանում նոր բնակավայրի կառուցումն էր՝ Արցախից տեղահանվածներին Արցախ վերադարձնելու և նրանց նոր տներով ապահովելու համար։ Բայց դրանից երեք տարի անց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արցախն ամբողջությամբ ու վերջնականապես հանձնեց Ադրբեջանին, կառուցած հարյուր տունն էլ՝ հետը։

Հ․Գ․ Մենք այս հարցով նաև գրավոր հարցում ենք ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ակնկալելով սպառիչ և բովանդակային պատասխան, որ սահմանամերձ բնակավայերրում տուն կառուցելու պատրաստ քաղաքացիները վաղը իրենց խաբված չզգան։ 

Վահե Մակարյան