Առուշ Առուշանյանի դրած դրոշը հանել են
Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ տարածում են տեղեկություն, որ Շուռնուխ և Որոտան գյուղերից հեռացվել է եռագույնը, որի վրա խաչ է պատկերված: Ինչպես թշնամի երկրի ԶԼՄ-ներն են նշում՝ «խաչակիրների» դրոշը։
Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ սահմանից ոչ հեռու՝ հայկական Շուռնուխ և Որոտան գյուղերի տարածքում, իջեցվել է նախկինում այնտեղ տեղադրված «խաչակիրների» դրոշը։ Եվ քանի որ Ադրբեջանը օր ու գիշեր զբաղված է Հայաստանի սահմանամերձ գյուղերի անցուդարձը վերահսկելով, ապաև ֆիքսել են, որ երեկ, ժամը 17-18-ի սահմաններում Որոտան գյուղի տարածք է բերվել կռունկ, խաչով դրոշը իջեցվել է, իսկ տեղում բարձրացվել է առանց խաչի Հայաստանի պետական դրոշը։
MediaHub-ը կապ հաստատեց Շուռնուխի համայնքապետ Գրիգոր Դարբինյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունեցել Շուռնուխում և ինչո՞ւ է դրոշը հեռացվել գյուղի տարածքից:
«Մեր դրոշը միշտ էլ խաչով է եղել, այս պահին ուղղակի պատռվել, ճղվել է, ուղարկել ենք սարքելու, ես ինքս հանել եմ դրոշը, դրել եմ առանց խաչի դրոշ, բայց սարքում են հին դրոշը՝ խաչով, վաղը կբերեն կդնենք»,– նշեց Շուռնուխի համայնքապետը։
MediaHub-ի հարցին՝ որտեղի՞ց է այդ դրոշը Շուռնուխում հայտնվել, համայնքապետը նշեց․
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ինքն ուզել տենց դրել ա, 4 տարի է տենց էլ դրած ա։ Այդ դրոշն ինքն ա բերել, այդ պահին էլ դրել ենք»։
Ապա հավելեց.
«Մի քանի տարի է այս դրոշն ա, այսքան տարի առանց խաչի դրոշ չենք դրել, ուղղակի հիմա, քանի որ պատռվել է, ուղարկել ենք սարքելու, առանց խաչինն ենք դրել»: Նաև զարմանք արտահայտեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները «բան ու գործ» թողած ակտիվ քննարկում են Առուշ Առուշանյանի նվիրած խաչով դրոշը։
Մարիաննա Արամյան