«Գազպրոմ»-ից գազ են գողանում, որի դեմը չեն կարողանում առնել․ ընկերությունը դիմել է ՊԵԿ-ի աջակցությանը

Մենք գրել էինք, որ «Գազպրոմ Արմենիան» վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի գազագողության դեպքերի հետ կապված, և դրանց բացահայտելու ճանապարհին լուրջ խոչընդոտների է հանդիպում։
Մասնավորապես, գազի տեսուչները, երբ այցելում են ԱԳԼՃԿ-ներ՝ ստուգումների, հանդիպում են դիմադրության լցակայանների տերերի և աշխատակիցների կողմից, որովհետև շատ լցակայաններ բառացիորեն «լևի» գծից են սնվում՝ թաքցնելով ինչպես գազի սպառման իրական ծավալները, այնպես էլ դրանից գոյացող հարկերը։ Սա տարիներ ի վեր արմատացած մի յուրահատուկ «մաֆիա» է, որի դեմն առնել չի հաջողվում ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ին, ո՛չ պետությանը, այս դեպքում՝ Պետական եկամուտների կոմիտեին։
MediaHub-ն օրերս գրել էր, որ այդպիսի մի ստուգումներից մեկի ժամանակ նաև բախում է տեղի ունեցել գազի տեսուչների և լցակայանի տերերի միջև, վերջիններս ծեծել են տեսուչներին, և հարցը հասել է անգամ ամենաբարձր մակարդակով «ռազբոռկայի»։ Մեր տեղեկություններով՝ այդ կիսագողական խոսակցության ժամանակ խոստովանություն է հնչել լցակայանների տերերի կողմից, որ առանց ստվերային գործունեության չեն կարող աշխատել, քանի որ օրինական դաշտում գործելու պարագայում «տակը բան չի մնում»։ Ու քանի որ այդ ժամանակ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, «Գազպրոմ Արմենիա»-ից որոշել են օգնության ակնկալիքով դիմել պետությանը՝ հայցելով Պետեկամուտների կոմիտեի, նաև այլ պատկան կառույցների աջակցությունը։ Մասնավորապես, նամակներ են գրել ՊԵԿ-ին, որ վերջինս իր ռեսուրսներով աջակցի գազալցակայաններում ստվերային գործունեության բացահայտման հարցում, «Գազպրոմն» էլ իր կողմից պատրաստ է գործուն աջակցություն ցուցաբերել։ Բայց ՊԵԿ-ից, կարծես թե, որևէ գործուն քայլ և արձագանք մինչ օրս չկա, չնայած որ դիմումն արդեն ամսից ավելի է՝ ուղարկվել է։
Մենք դիմեցինք ՊԵԿ-ին, սակայն որևէ հստակ պատասխան չստացանք, որը լույս կսփռեր այս հարցին։
Դիմեցինք նաև «Գազպրոմ Արմենիա»-ին նույն հարցով, թե կա՞ իրենց մոտ այսպիսի խնդիր, խոսքը գազագողության դեպքերի և տեսուչների այցերը խոչընդոտելու մասին է, ինչին ի պատասխան՝ ընկերությունից հաստատել էին, որ իսկապես ունեն այդպիսի խնդիր։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազափոխադրման համակարգից իրականացվում է խոշոր սպառող հանդիսացող բաժանորդների մի մասի՝ մոտ 110 բաժանորդի գազամատակարարում, այդ թվում էլեկտրաէներգետիկական օբյեկտների, ցեմենտ արտադրող կազմակերպությունների, ջերմոցային տնտեսությունների և ԱԳԼՃԿ-ների: Նշվածներից վերջինի դեպքում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, տարբեր ժամանակահատվածներում, ժամային և օրական կտրվածքով արձանագրվում է բնական գազի սպառման ծավալների խիստ տատանումներ, որոնք էապես ազդում են հաշվառման ճշտության վրա և պատճառ հանդիսանում սխալ հաշվառման»,- ասել են Ընկերությունից։
Նրանք նաև բացատրել են, թե որտեղից է գալիս այս խնդիրը․ «Հարկ է նշել, որ ՀՀ գազափոխադրման համակարգի մայրուղային և գազաբաշխման համակարգի (ԳԲԿ-ներից դուրս եկող) հիմնական սնող գազատարների մեծ մասը կառուցվել են 1960-70-ական թվականներին, Խորհրդային միության տարիներին, մեծամասամբ ստորգետնյա եղանակով և դաշտային հողատարածքներով, իսկ ՀՀ անկախացումից հետո հանրային հողերի սեփականաշնորհման արդյունքում այդ գազատարների մեծ մասը հայտնվել է անհատ քաղաքացիների, իսկ հետագայում էլ այդ ԱԳԼՃԿ-ների սեփականատեր անձանց կամ կազմակերպությունների սեփական տարածքներում, ինչն էլ իր հերթին արհեստական խոչընդոտ է ստեղծում ոչ միայն գազատարների շահագործման և սպասարկման աշխատանքներին, այլ նաև շատ հաճախակի ԱԳԼՃԿ-ները շահագործողների կողմից շահարկվում է՝ խոչընդոտելով, սահմանափակելով կամ արգելելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողների մուտքը համապատասխան տարածքներ, մասնավորապես հաշվառման հանգույցներ: Վերը նշվածի արդյունքում հնարավոր չի լինում օպերատիվ իրականացնել անհրաժեշտ աշխատանքները, ժամանակին հայտնաբերել և կանխել վերոհիշյալ թերհաշվառման, ինչպես նաև հետզհետե հաճախակի դարձող չարտոնված գործողությունների դեպքերը, ինչն էլ նպաստում է փոխադրվող բնական գազի կորուստների ծավալի աճին»։
Ըստ «Գազպրոմ Արմենիայի»՝ տարիներ շարունակ ձևավորված գնագոյացման մեխանիզմները ցույց են տալիս, որ ԱԳԼՃԿ-ներում իրացվող բնական գազի միավորի գները չեն կարող մեկը մյուսից զգալի տարբերվել, նույնիսկ որոշ դեպքերում մոտենալ, կամ ցածր լինել ինքնարժեքից:
«Ըստ մեր վերլուծության՝ դա կարող է տեղի ունենալ հաշվառքի սարքերի մեխանիկական կամ ծրագրային միջամտությունների արդյունքում, որը վնաս է հասցնում Ընկերությանը և պատճառ հանդիսանում ինչ-ինչ մեթոդներով իրացման փաստացի շրջանառության թերհայտարարագրմանը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվում և արձանագրվում են տարաբնույթ խախտումներ՝ դիսկրետ օղակներում տեղադրված գլխամասային հաշվիչների և տվյալ հանգույցներում սպառողների բնական գազի հաշվառքի սարքերի գրանցված ծախսերի համեմատությամբ»,- հավելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։
Ինչ վերաբերում է պետական կառույցներին, այդ թվում՝ ՊԵԿ-ին աջակցության համար դիմելու հարցին, ապա «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնել են, որ հաշվառքի սարքերի շրջանցմամբ կամ հաշվառքի սարքերի թերի հաշվառվող բնական գազի իրացումը բացառելու նպատակով Ընկերությունը համագործակցում է պետական պատկան մարմինների հետ նշված խնդիրների տեղայնացման և հնարավորինս սեղմ ժամկետներում լուծման համար:
«Գազպրոմ»-ից, սակայն, ուղիղ կերպով չեն նշել՝ հստակ գրությամբ դիմե՞լ են որևէ պետական կառույցի և ի՞նչ արձագանք են ստացել նրանցից։
Վահե Մակարյան