35 տարի բնակվեցինք վթարային շենքերում, այսօր էլ շատերը շարունակում են ապրել այս պայմաններում. Առուշանյան

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցի օրը, ԱԺ ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանը ելույթ ուենցավ օրվա խորհրդի մասին։
«35 տարի առաջ այս օրը դարձավ ողբերգական մեր ազգի համար։ Ավերիչ երկարաշարժի զոհ դարձավ ավելի 25000 մարդ, անտուն մնաց 500 հազարից ավելին։ Այդ օրը Գյումրու պատմությունը բաժանվեց երկու մասի՝ մինչ երկրաշարժը և երկրաշարժից հետո։ Հայաստանի արվեստի, մշակույթի, հումորի քաղաքը հիմնովին ավերվեց։ Ավերված էր նաև յուրաքանչյուր գյումրեցու սիրտն ու հոգին։ Չնայած այս ամենին, մենք շարունակեցինք ապրել ողբի ու ցավի մեջ։ Ուժ գտանք՝ հումորներ անելու, արցունքներն աչքերիս՝ հարսանիքներ արեցինք, մոմի լույսի տակ, վրաններում ուսում ստացանք, երգի, պարի ու սպորտի գնացինք տնակներում, բայց ապրեցինք և ապրեցրինք Գյումրին։ 35 տարի բնակվեցինք վթարային շենքերում, սերունդներ մեծացան ժամանակավոր կացարաններում։ Եվ այսօր էլ շատերը շարունակում են ապրել այս պայմաններում, բայց ապրում են գյումրեցու հպարտությամբ և գյումրեցու արժանապատվությամբ, որովհետև Գյումրին սովորական քաղաք չէ»,- ասաց Առուշանյանը։
Ապա նշեց, թե ինչպես է Գյումրին 35 տարի անց փոխվել․ «Մեր քաղաքը փոխել է իր տեսլաակնը՝ հետերկրաշարժյան բնակավայրից դառնալով զարգացող, զբոսաշրջային, տեխնոլոգիական, արդյունաբերական քաղաք։ Ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլորև համաքաղաքացիներին, որոնց շնորհիվ Գյումրին ապրեց, որոնց շնորհիվ Գյումրին նորից վեր հառավ՝ ի ցույց դնելով ամբողջ աշխարհին, որ մենք կանք և ձեզ ասելու, սովորեցնելու և ի ցույց դնելու բան ունենք»։