Հայկական «Հերոստրատը»

Իր պաշտոնավարման հինգ տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է Հայաստանի բոլոր ձեռքբերումները, Արցախի սուբյեկտությունը, ոտնձգել է Հայաստանի պատմության դեմ, «պատերազմ» հայտարարել նախկին երեք նախագահների դեմ:
Հերթը հասավ Անկախության հռչակագրին, որի տարեդարձի առթիվ Փաշինյանի հեղինակած ուղերձը նման էր ուրացման ակտի:
«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք, ի վերջո, ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ: Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է թե՝ 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»,- ասված է Փաշինյանի ուղերձում:
Կասկածից վեր է, որ Փաշինյանը մտադիր է նախաձեռնել Անկախության հռչակագրի, պետության հիմնադիր մյուս փաստաթղթերի «խմբագրման» գործընթաց: Դա, անշուշտ, մատուցվելու է որպես «նոր մտածողության», «Նոր Հայաստանի» արգասիք, սակայն ակնհայտ է՝ մենք գործ ունենք ադրբեջանական ու թուրքական նախապայմանների հետ, որոնք գրեթե անվերապահ կատարվում են գործող վարչապետի կողմից:
Ի դեպ, Երևանի ավագանու երեկ մեկնարկած քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ուղերձը խիստ քննադատության ենթարկվեց միայն «Մայր Հայաստան» դաշինքի կողմից, մյուս քաղաքական ուժերը կենտրոնացել էին այլ օրակարգի վրա:
Վահրամ Բագրատյան