ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հարցը. Ռոգոզին

ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հարցը. Ռոգոզին

ԱՄՆ-ն պատժամիջոցների շրջանակներում դիտարկում է Ռուսաստանը GPS նավիգացիոն համակարգից անջատելու հնարավորությունը, հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Նա նաեւ մեկնաբանել է մյուս պատժամիջոցները արեւմտյան երկրների կողմից։ Նրա խոսքով՝ Եվրոպական տիեզերական գործակալությունն անվստահելի գործընկեր է, որն իրեն «խելագար կերպով» է պահում, եւ Ռուսաստանը չի համագործակցի դրա հետ։

«Գիտե՞ք, որ այսօր Միացյալ Նահանգները պատժամիջոցների շրջանակներում դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հնարավորությունը։ Գիտե՞ք այդ մասին։ Չգիտեք: Եւ ես կարող եմ ասել ձեզ, որ նման հարց քննարկվում է»,- ասել է պարոն Ռոգոզինը «Պրոգրես» հրթիռատիեզերական կենտրոն այցելության ժամանակ:

«Ռոսկոսմոս»-ի ղեկավարը մեկնաբանել է նաեւ բրիտանական OneWeb-ի հրաժարումը Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Ըստ նրա՝ դա ընկերության վերջը կդառնա: «Այլեւս ոչ մի OneWeb չի լինի»,- հայտարարել է նա:

Բացի այդ, Դմիտրի Ռոգոզինը պատմել է, որ ռուսական «Սոյուզ» հրթիռների մեկնարկային համալիրը Գվիանայի «Կուրու» տիեզերակայանում (Ֆրանսիա), որի շուրջ կողմերը համագործակցում էին, ընդմիշտ կարգելափակվի: