«Հայաստան» խմբակցության պատգամավորները Գյումրիում են եղել․ մանրամասներ

 «Հայաստան» խմբակցության պատգամավորները Գյումրիում են եղել․ մանրամասներ

Հունվարի 26-ին՝ մարզային այցելություննների շրջանակում, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Լիլիթ Գալստյանը և Մհեր Մելքոնյանը Գյուրիում են եղել։ Հայտնել է «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունը։

Գյումրեցիների հետ հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ Շիրակի կազմակերպության «Շիրվանյան» կենտրոնում։

«Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ ընդհանուր գծերով ներկայացրեց աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի պետականությանն ուղղված մարտահրավերները, ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունների հետևանքով երկրի առջև կանգնած անվտանգային սպառնալիքները, անդրադարձավ նաև այն ռեսուրսներին և երաշխիքներին, որոնք իրապես ի զորու են երկրում կայունություն և խաղաղություն ապահովել։

Ներկաների հուզող հարցերին պատասխանեցին պատգամավորները։ Նաև մտքեր փոխանակվեցին և առաջարկություններ հնչեցին «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերի իրագործման շուրջ։

Հայաստանի տագնապալի ներկայի, անորոշ ապագայի, անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի կողքին բազմաթիվ էին նաև արցախահայության չլուծված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շուրջ մտահոգությունները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրացված սոցիալական խնդիրները գույքագրել և քննարկել խմբակցության աշխատանքային խմբում»,- ասված է հաղորդագրության մեջ։