Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Դա բացարձակ ֆեյք նյուզ է»․ Խաչատուր Սուքիասյանը կապ չունի՞ ադամանդի բիզնեսի հետ

Blog Image

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն այսօր մի հաղոդրագրություն է տարածել, որտեղ որպես հանցագործության անուղղակի մասնակից և ուղղակի շահառու նշվում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը։ Համաձայն այդ հաղորդագրության՝ «Ալռոսայից» գողացված ադամանդները հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար և Հայաստանի խորհրդարանի անդամ Խաչատուր Սուքիասյանն է։

Դրանից ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի ավազակախմբի, որը «Ալռոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից գողացել է հում ադամանդներ՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար, և որ ձերբակալվածների թվում է ընկերության աշխատակիցը։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական հում ադամանդ, փող և զարդեր։ Այս ամենը մատակարարվել է մի ընկերության, որի շահառուն, ըստ ՌԴ իրավապահ մրամինների, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է:

MediaHub-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ պատգամավորից, սակայն Սուքիասյանը չպատասխանեց մեր զանգերին։ Փոխարենը կապ հաստատեցինք նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ։ Վերջինս մեզ հայտնեց, որ այդ ամենը իրականության հետ կապ չունի և ամբողջովին ֆեյք նյուզ է։ 

«Մենք շուտով հայտարարություն կանենք, միայն կարող եմ հերքել, որ նման բան գոյություն չունի, դա բացարձակ ֆեյք նյուզ է»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Այսինքն՝ ՌԴ հատուկ ծառայություննե՞րն են ֆեյք նյուզ տարածել, Սուքիասյանի մամուլի խոսնակն ասաց․ «Դե, ես չգիտեմ՝ ով է տարածել, ես վստահ չեմ էս պահին, թե ով է տարածել, ես կարող եմ միայն ասել, որ իրականության հետ ոչ մի առնչություն էդ ինֆորմացիան չունի, Խաչատուր Սուքիասյանի հետ՝ հատկապես»։ 

Նա նաև հերքեց, որ Խաչատուր Սուքիասյանն, առհասարակ, ներգրավված է ադամանդի բիզնեսի մեջ: «Իհարկե ոչ, ներգրավված չէ»,- ասաց նա։ 

Մինչդեռ, այս տեղեկության ֆոնին այսօր մեր աղբյուրները մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ հայտնեցին, որ վերջին շրջանում մի քանի դեպք է եղել, երբ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայողները օտար երկրից Հայաստան ժամանած քաղաքացիների մոտ մաքսանենգ ճանապարգով թանկարժեք զարդեր են հայտնաբերել, որոնց շահառուն, պարզվել է, հենց Խաչատուր Սուքիասյանն է։ Այսինքն՝ նա, ըստ մեր աղբյուրի, որոշակի գումար է վճարել ինչ-որ անձանց, որոնք մեկնել են կոնկրետ երկիր՝ թանկարժեք զարդեր բերելու, որոնք պետք է անցկացնեին առանց մաքսազերծման՝ որպես անձնական իր, սակայն օդանավակայանում «բռնվել են»։ Սուքիասյանի խոսնակը, սակայն, կտրականապես հերքեց, որ Խաչատուր Սուքիասյանը կարող է, առհասարակ, որևէ առնչություն ունենալ այս ամենի հետ, չնայած նրան, որ այս ընթացքում տարբեր տեղեկություններ են տարածվել առ այն, որ ՔՊ-ի օլիգարխ-պատգամավորը հիմա էլ ադամանդի բիզնեսով է զբաղվում։

Վահե Մակարյան

Send