Հայ ռազմագերիների հարցը «խաղաղության համաձայնագրի» լուսանցքում

Հայ ռազմագերիների հարցը «խաղաղության համաձայնագրի» լուսանցքում

Չնայած Բաքուն և Երևանը «խաղաղության համաձայնագրի» մանրամասները դեռ չեն հրապարակել, բայց ընդդիմությունը, ինչպես նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները վստահ են, որ նախագծի տեքստը չի ներառում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը կամ Արցախ էթնիկ հայերի հավաքական վերադարձի իրավունքը։ 

Ադրբեջանի ռազմական դատարանը հայ ռազմագերիներին մեղադրում է  պատերազմական հանցագործությունների և այսպես կոչված զինված խմբավորումներին աջակցելու և ֆինանսավորելու համար: 

«Բաքվում պահվող մեր հարազատները դատվում են հայ լինելու համար, ընդամենը։ Եվ իզուր չէ Բաքվից հայ ժողովրդին ուղղված Ռուբեն Վարդանյանի ձայնագրության մեջ նշվում, որ այնտեղ դատում են ամբողջ Հայաստանը։ Եթե նախկինում հույս կար, որ համաներում կլինի, կամ գոնե այդ «դատավարություններն» ինչ որ արդյունք կտան, ենթադրենք հայերին կդատապարտեն, օրինակ, 5 կամ 10 տարով, ապա գնալով այժմ այդ հույսերը մարում են, քանի որ Հայաստանի ղեկավարությունը Բաքվի թելադրանքով ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել, իսկ Բաքվի զինվորական դատարանը անիմաստ ձգձգում է դատավարությունը։ Ամեն դեպքում՝ հույսներս չենք կորցնում, հիմա արդեն սպասում ենք հրաշքի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ռազմագերիներից մեկի հարազատը։  

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի մեջ ռազմագերիների վերադարձի հարցի բացակայությանը, ապա մեր զրուցակիցը նշեց, որ իրենք այդպես էլ գիտեին և դա զարմացնող հանգամանք չէ, որովհետև «այդ տեքստերը գրվում և խմբագրվում են Բաքվում»:

«Իմ խորին համոզմամբ՝ խաղաղություն չի՛ լինելու»,-շեշտեց նա:

Ադրբեջանը պնդում է, որ դատվարությունը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին և ինքը իրավասու է դատել պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին։ Զուգահեռ դրան, Բաքուն հրաժարվում է այդ «դատավարություններին» թույլատրել մասնակցել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին:

«Մերոնց հետ յուրաքանչյուր չորեքշաբթի կապը կա, սա միակ հումանիստական քայլն է, որը Բաքուն պահպանում է Կարմիր խաչի միջնորդությամբ։ Սակայն, ինչպես գիտեք, Բաքվի կառավարությունը հանձնարարել է փակել Միջազգային Կարմիր Խաչի ադրբեջանական գրասենյակները։ ԿԽ-ն միակ կառույցն էր, որը մուտքի հնարավորություն ուներ բանտարկյալների մոտ։ Միջազգային կազմակերպության փակումից հետո չգիտենք ինչ կլինի»,- ասաց նա։

Մեր այն հարցի շուրջ, թե արդյո՞ք հարազատների ու ՀՀ կառավարության միջև կապ կա, մեր զրուցակիցը նախընտրեց երկար չխոսել:

«Բացարձակ անտարբերություն է։ Իրենք վաղուց ուրացել են Արցախը, Արցախի ղեկավարության հետ ունեցած երբեմնի ջերմ հարաբերությունները և այսօր խոսում են նույն դիրքից ու տոնով, ինչպես Բաքուն»,- լակոնիկ հավելեց Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ ռազմագերու հարազատը։

Հունան Թադևոսյան