Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը

Երեկ մի առեղծվածային դեպքի մասին հայտնի դարձավ. տաքսու վարորդը երեխային կոնֆետ է հյուրասիրել, սակայն, կոնֆետի պարունակության պատճառով երեխան հիվանդանոց է տեղափոխվել։
Ինչպես մամուլում գրվեց, ապրիլի 6-ին ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ.-ն է։
Պարզվել է, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:
«Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ վերջինս խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը,կոնֆետը ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետները իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևորի ճանապարհից վերցրել է:
MediaHub-ի տեղեկություններով՝ կոնֆետը թմրանյութ չի պարունակել, ինչպես երեկ համացանցում էր շրջանառվում, այլ վարորդը երեխային, մտածելով, որ կոնֆետ է, հյուրասիրել է մաքրող միջոցի համար նախատեսված հաբ, որն, ըստ երևույթի, նախորդ ուղևորներից մեկն էր թողել մեքենայում:
«Մուրացան» մանկական հիվանդանոցից MediaHub-ը տեղեկացավ, որ երեխան դուրս է գրվել, առողջական վիճակը նորմալ է։
Մարիաննա Արամյան