Ադրբեջանից գազ ներկրել տեխնիկապես հնարավոր է՝ ենթակառուցվածքները կան․ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն

Ադրբեջանից գազ ներկրել տեխնիկապես հնարավոր է՝ ենթակառուցվածքները կան․ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ժամանակ առ ժամանակ խոսում է Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին՝ որպես այլընտրանք ռուսական գազին։ 

MediaHub-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին այս առիթով մի քանի հարց է ուղղել՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ է հնարավոր և հավանական, որ Հայաստանը գազ գնի Ադրբեջանից։

-Պարոն Հակոբյան, Դուք՝ որպես «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն, Ադրբեջանից գազ գնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք՝ թե՛ քաղաքական առումով, թե՛ տեխնիկապես և տնտեսական առումով։

-Ես կփորձեմ այս հարցը շրջանցել և չխոսել քաղաքական քայլերից, քանզի դա իմ դաշտը չէ։ Ինչ վերաբերում է տեխնիկական հնարավորություններին, ապա չենք մոռանում, որ դեռևս Խորհրդային միության տարիներին այդ գազատարները եղել են, գործել են և հնարավորություն են ընձեռել դեռևս մինչև 1991-92 թվականը Հայաստանում ստանալ տարեկան մինչև 6 մլրդ խորանարդ մետր գազ։ Այդ գազը սպառվում էր այնպիսի տարածքներում, ինչպիսին էր «Նաիրիտը», Վանաձորի քիմկոմբինատը, Իջևանի բենտոնիտը, Արարատի ցեմենտի գործարանը և այլն։ Այսօր այդ գազատարները, որոնք ժամանակին գործել են, օգտագործվում են «Գազպրոմ Արմենիայի» կողմից՝ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնությունից ստացվող գազը։ Ժամանակին՝ 90-ական թվականներին, այդ գազատարները խցափակվեցին երկու կողմից, եթե չեմ սխալվում՝  1991 թվականին ադրբեջանական կողմից այդ գազատարը խցափակվեց, և մենք երկար տարիներ չունեցանք գազ։ 

-Այսինքն՝ ենթակառուցվածքները կան, պահպանվել են։

-Այո, պատրաստի ենթակառուցվածքները գործում են այսօր՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի։

-Հիմա, եթե քաղաքական որոշում լինի, Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի, ի՞նչ եք կարծում, տնտեսական առումով Հայաստանին ձեռնտու կլինի՞ Ադրբեջանից գազ ներկրել, թե՞ մրցակցային հարթության մեջ «Գազպրոմ Արմենիայի» շահերից չի բխի դա։

-Եկեք չմոռանանք՝ որտեղից է սկսում գազամատակարարման ապահովումը։ Գազամատակարարման ապահովումն ու հուսալիությունը միջպետական պայմանագրերի շրջանակներում է, ինչի շրջանակներում և գործում է «Գազպրոմ Արմենիան»՝ գազ ստանալով Ռուսաստանի Դաշնությունից Վրաստանի տարածքով անցնող գազատարով։ Այդ համաձայնագիրը, որպես լրացուցիչ համաձայնագիր, ամեն տարի թարմացվում է: Ամեն տարի ԵԱՏՄ շրջանակներում ֆիքսվում են այն ծավալները (ինդիկատիվ բալանս է կոչվում), որով «Գազպրոմ Արմենիան» գրանցում է, թե ինչ սպառման ծավալներ ենք ուզում ստանալ Ռուսաստանից։

-Իսկ հնարավո՞ր է՝ «Գազպրոմ Արմենիայի» շահերից չբխի Ադրբեջանից գազ ներկրելը։

-Եկեք չմոռանանք, որ այսօր «Գազպրոմ Արմենիան» նաև տեղափոխում է իրանական գազը «Տրանսգազի» միջոցով, որը ևս լրացուցիչ եկամուտ է հանդիսանում մեր ընկերության համար։ Բիզնեսի տեսակետից մենք խնդիր չունենք։

-Իսկ տնտեսական առումով Ադրբեջանից գազ ներկրելը մեզ համար կարո՞ղ է ձեռնտու լինել, եթե քաղաքական հարցերը լուծվեն, իհարկե, քանի որ Ադրբեջանը, եթե չեմ սխալվում, օրինակ՝ Թուրքիային բավականին բարձր՝ մոտ 320 դոլար արժեքով է գազ վաճառում, մինչդեռ մենք Ռուսատանից ներկրվող գազը սահմանին գնում ենք 165 դոլարով։

-Այդ պարագայում ես չեմ կարող հիմնավորել, թե գնի տեսակետից ինչ կլինի, բայց չմոռանանք, որ Ռուսաստանի հետ երկարատև պայմանագրերի շրջանակներում ամենահաջող բիզնեսն է կատարվում, երբ կանխատեսելի են լինում թե՛ ներկրման ծավալները, թե՛ գինը, թե՛ պայմանները։

-Հետևաբար, եթե հստակեցնենք, Ադրբեջանից գազ ներկրել հնարավո՞ր է և ձեռնտու կարո՞ղ է լինել, թե՞ ոչ։

-Տեխնիկապես խնդիր չի հանդիսանում, ամեն ինչ կարելի է անել ենթակառուցվածքների առկայության պայմաններում, և այս պարագայում, եթե լինեն ենթակառուցվածքներ, խնդիր չի լինի ֆիզիկապես Ադրբեջանից գազ ստանալ։ Իսկ ենթակառուցվածքները պատրաստ են, կարծեմ՝ 10-20 կմ գազատար ավելացնելու մասին է խոսքը։

-Իսկ տնտեսապես ձեռնտու՞ է։

-Տնտեսապես չեմ կարող ասել, քանզի պայմանները պարզ չեն, և ամենակարևորը՝ պարզ չէ գազամատակարարման երկարատևությունը և ապահովությունը։

-Իսկ քաղաքական առումով կարո՞ղ եք որևէ բան ասել։

-«Գազպրոմ Արմենիան» երբևիցե այդ հարցին չի կարող պատասխանել, որովհետև չունի այդ դիրքորոշումը քաղաքական տեսակետից։

Վահե Մակարյան