«Բացօթյա stand up». ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կաջակցե՞ն Հայկ Մարությանին
Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսում հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ: «Սիրելի երևանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Մեր խմբերը կշրջեն քաղաքում և ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Արդյո՞ք նրան կհաջողվի կասեցնել տրանսպորտի թանկացման ընթացքը. դա ցույց կտա ժամանակը: Իսկ ի՞նչ կարծիք ունեն Երևանի ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցությունները, արդյո՞ք աջակցելու են Մարությանին։
MediaHub-ը կապ հաստատեց թե՛ «Մայր Հայաստան» խմբակցության, թե՛ «Հանրային ձայն» խմբակցության հետ. վերջիններիս պատասխանները տարբերվում էին միմյանցից։
«Մենք մեր գործողություններն ենք նախատեսել, դրանց մասով կհայտարարենք, կիմանաք, այս պահին չեմ կարող ասել», – MediaHub-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ նշեց, որ իրենք տրանսպորտի նախագիծ են բերել, քանի որ չեն կարող հաշտ լինել սակագնի սպասվող թանկացման հետ, որը խոսում է «մեծ կոռուպցիայի ու թերհավաքագրման մասին»:
«Մարդկանց վիճակը վատթարացնող որոշման հետ չե՛նք կարող հաշտ լինել»,- ասաց նա:
Անդրադառնալով կոնկրետ Հայկ Մարությանի նախաձեռնությանը՝ նշեց.
«Կիսադերասան-կիսաքաղաքական գործչի մասի՞ն եք»։
«Իր ստորագրահավաքի մասին կարող եմ ասել միայն սա, որ սեպտեմբերի 10-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը բերել էր տրանսպորտի իրենց ռեֆորմը, որն ավելի մատչելի էր, և երևանցիներն ավելի մատչելի գներով էին օգտվելու տրանսպորտից, բայց… Հիմա ստորագրություններ է ուզում հավաքել, բայց խնդիրը նրանում է, որ ուզում է ռեյտինգ հավաքի, ցույց տա, թե իբր ՔՊ–ի հետ կապ չունի, բայց շատ լուրջ կապ ունի»,– ասաց Ավագյանը։
Ըստ Վահան Ավագյանի՝ Մարությանը, փոխարեն ստորագրություններ հավաքելը, իր «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանիներին պետք է ասեր, որ գնան և կողմ քվեարկեն «Մայր Հայաստան» խմբակցության բերած մատչելի տրանսպորտային նախագծին, ընդամենը պետք է ասեր 9 հոգու, բայց նա չի ասել, հիմա էլ ստորագորւթյուններ է հավաքում։
«Հաջողություն եմ ցանկանում իրեն այդ գործում, բայց ինքն ուրիշ խնդիր է ուզում լուծել: Կարծում եմ՝ չի ստացվի, քանի որ մարդիկ հասկացել են ով ով է։ Իսկ «Հանրային ձայն» խմբակցությունն իր անելիքն արել ու անում է, ու շուտով կլսեք, թե մեր նախագծով խոցելի ի՞նչ խմբեր են արտոնություններ ստանում, միայն մեր խմբակցությունն է արել ու անում։ Իսկ էդ ձևական ստորագրություններ հավաքելու տեղը կարար իր խմբակցությանը, եթե, իհարկե, կարում է իր խմբակցությունում բան ասի, ասեր 9 հոգու, գնային կողմ քվեարկեին «Մայր Հայաստան» խմբակցության բերած մատչելի տրանսպորտային նախագծին»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն այս իր հայտարարությանն ասում է, թե այդ օրն իրենց ֆրակցիայի ղեկավարին էին հանում, ինչը նշանակում է, որ իրենք ավելի շատ են գերադասում իրենց անձնական ամբիցիաները, «քան երևանցու համար լավ բան անելը»։
Ավագյանը նաև նշեց, որ եթե բոլոր ընդդիմադիր ավագանիները քվեարկեին նախագծին կողմ, ապա ՔՊ–ն կպարտվեր, այդ բարեփոխումը կչեղարկվեր և կանցներ «Մայր Հայաստանի» բերած նախագիծը։ Ապա հավելեց. «Հայկոյի այս գործողությունները որակավորում եմ ուղղակի «բացօթյա stand up»։
Մարիաննա Արամյան