Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ մնալու որոշումը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. Տասմագամբետով

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ մնալու որոշումը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. Տասմագամբետով

Հայաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի մաս մնալու կամ կազմակերպությունից դուրս գալու որոշումը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են մնում արտաքին խաղացողների հետ փոխգործակցության բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը, հետևաբար, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես լինելու է այս անկախ պետության ինքնիշխան որոշումը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Մեկնաբանելով Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առճակատման հավանականությունը՝ երկրի ղեկավարության՝ կազմակերպությունից դուրս գալու և ՆԱՏՕ-ին մերձենալու ցանկության մասին հայտարարությունների ֆոնին, Թասմագամբետովը նման սցենարն որակել է որպես «ոչ ավելի, քան հիպոթետիկ»։ Նա նշել է, որ «անհրաժեշտ է հաշվի առնել կողմերի ռեսուրսային բազան և իրական հնարավորությունները, ուստի այս հարցը, եթե նույնիսկ այս պահին այն չի կարող ծայրահեղ հրատապ դասվել, վերլուծություն է պահանջում»։

«Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Սակայն այդ դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը։

Վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, նաև հայտարարել է, որ հանրապետությունը դադարեցրել է մասնակցությունն այս կազմակերպությանը։