Այսօր առավոտյան Երևանի մի շարք ուսումնական հաստատություններ տարհանվել են:
Խոսքը, մասնավորապես, Չեխովի դպրոցի մասին է, որտեղից տարհանել են բոլոր երեխաներին: MediaHub-ի հետ զրույցում դպրոցի ղեկավարությունից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, թե ինչ է կատարվել, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ ահազանգը ստացվել է 09.30-09.40-ի սահմաններում և երեխաներին անմիջապես տարհանել են: Այս պահին դպրոցը չի գործում:
Տերյանի Նիկոլ Աղբալյանի թիվ 19 միջնակարգ դպրոցից էլ MediaHub-ին հայտնեցին, որ առավոտյան ռումբի ահազանգ է ստացվել, երեխաներին տարհանել են, ԱԻՆ աշխատակիցների ստուգումներից հետո նրանց վերադարձրել են դպրոց և հիմա դասապրոցեսը շարունակվում է:
ԱԻՆ-ից, սակայն, մեզ հայտնեցին, որ ռումբի մասին որևէ ահազանգ չեն ստացել, ուղղակի իրականացվում են պրոֆիլակտիկ ուսումնական վարժանքներ տարբեր հաստատություններում.
«Տարվա ընթացքում նման վարժանքներ պարբերաբար իրականացվում են, սա էլ դրանցից մեկն է»,- հավաստիացրեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ռումբի մասին ահազանգ է ստացվել նաև Ֆրանսիական համալսարանում: Մասնավորապես, առավոտյան 08:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ շենքում ռումբ կա։ Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցները և ուսանողները տարհանվել են։
Նարե Գնունի